News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 24-25-ը տեղի ունեցած 4-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումին մասնակցել են շուրջ 30 կազմակերպություններ, այդ թվում՝ վրացական 5 ընկերություններ եւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Ֆորումի ընթացքում տեղեկատվական հեռահաղորդակցական ընկերությունները ներկայացրեցին իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները։ Իսկ բիզնեսի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան գնահատել` որքանո՞վ այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները:

Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ հայ-վրացական բիզնես ֆորում։ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ հայկական եւ վրացական ընկերությունների միջեւ  լուրջ համագորցակցության փոխադարձ ցանկություն կա։ «Մոտ երկու ամիս առաջ մենք բիզնես ֆորում կազմակերպեցինք Վրաստանում, եւ ԴիջիԹեք բիզնես ‎ֆորումում վրացական ընկերությունների մասնակցությունը  համագործակցության հաջորդ քայլն էր»,- նշում է Կ. Վարդանյանը:

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին զուգահեռ տեղի ունեցավ նաեւ Մայքրոսոֆթ Ինովացիոն Ֆորումը, որի շրջանակներում նշվեց «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի 5-րդ տարեդարձն ու  ամփոփվեց ընկերության գործունեությունն ու քննարկվեցին ձեռքբերումները։

«ԱրմենՏել» եւ «Մայքրոսոֆթ» ընկերությունները ներկայացրեցին «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները: «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով՝  ԴիջիԹեք բիզնես ֆորումը համահունչ էր իր կարգախոսին`«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն», քանի որ ներկայացրած բոլոր զեկույցներում եւ քննարկումներում առկա էր երկխոսելու եւ համագործակցելու իրական պատրաստակամությունը։ «ԴիջիԹեք» բիզնես 4-րդ ֆորումն, անշուշտ, հանդիսացավ եւս մեկ քայլ Հայաստանի տեխնոլոգիական եւ տնտեսական ոլորտների զարգացման գործում», - նշեց  Ի. Կլիմկոն։

Ֆորումի ընթացքում  կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև, որի նպատակն էր նպաստել ՀՀ կրթական, ֆինանսական համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: 

Նշենք, որ ֆորումի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ