
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախթ Ռավանչին շեշտել է Սիրիայից օտարերկրյա զորքերի դուրս բերման անհրաժեշտությունը, որոնց անօրինական ներկայությունը սրել է ճգնաժամերն արաբական երկրում:
Սիրիայի վրա շեշտադրումով Մերձավոր Արեւելքում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված իր ուղերձում Ռաուանչին մատնանշել է Սիրիայում որոշ օտարերկրյա ուժերի ռազմական ներկայությունը» եւ շեշտել, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
«Սիրիայի որոշ հատվածներ դեռ օկուպացված են օտար ուժերի կողմից, որտեղ գերակշռում են անջատողական խմբերը, կամ վերահսկվում են ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք որպես այդպիսին սահմանվել էին Անվտանգության խորհրդի կողմից: Միեւնույն ժամանակ իսրայելական ռեժիմը շարունակում է ագրեսիայի գործողություններ կատարել Սիրիայի դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը»,- հավելել է նա:
Ռավանչին նախազգուշացրել է այս իրավիճակի հնարավոր ազդեցության մասին տարածաշրջանային կայունության, խաղաղության եւ անվտանգության վրա: «Այս անկայուն իրավիճակը կարող է հեռահար հետեւանքներ ունենալ ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի անվտանգության եւ կայունության համար: Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պարտականությունները եւ ապահովի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հավելել է Ռավանչին:
«Այս համատեքստում բոլոր արտասահմանյան ուժերը, որոնք անօրինական կերպով գտնվում են Սիրիայում, պետք է հեռանան երկրից՝ առանց որեւէ նախապայմանի կամ հետաձգումների, ահաբեկչական խմբավորումները չպետք է միլիոնավոր քաղաքացիական անձանց որպես մարդկային վահան օգտագործեն իրենց չարագործությունները շարունակելու համար, եւ իսրայելական ռեժիմին պետք է ստիպել վերջ դնել ագրեսիային Սիրիայի դեմ»,- ասել է նա:
Ռավանչին քննադատել է նաեւ Սիրիայի դեմ «ապօրինի միակողմանի պատժամիջոցները»՝ հայտարարելով, որ նման միջոցները արաբական այս երկրում «լուրջ խնդիրներ» են ստեղծում մարդկանց համար: