News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկար տարիներ, մոտ երկու տասնամյակ, մենք խոսում էինք ջրային անվտանգության, Քարվաճառի շրջանի կարեւորության մասին՝ որպես Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հիդրոդոնորի։ Այն մասին, որ առանց այդ շրջանի երկու հանրապետությունների անվտանգ առաջանցիկ զարգացումը կլինի լուրջ սպառնալիքի տակ։ Հիմա մենք փաստորեն տեսնում ենք, որ այն ամենը, ինչ ասում էինք, իրականություն է դառնում։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի եւ Արցախի ջրային անվտանգության ոլորտի խնդիրները՝ պայմանավորված նրանով, որ Քարվաճառի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին իրականացնում է համապատասխան քաղաքականություն այս ոլորտում։ Առայժմ կարելի է խոսել հիդրոճնշման մասին։ Հետագայում նրանք կարող են անցնել հիդրոահաբեկչության եւ այլ ձեւերի։ Օրինակ, պարզ աշխատանքները, որոնք այնպիսի կարեւոր հետեւանքներ չեն ունենա, կներկայացվեն այնպես, որպեսզի «մեր մեջ սարսափ առաջացնեն»։ Հենց դա տեղի ունեցավ Թառթառ գետի աշխատանքների հետ կապված։ Հասկանալի է, որ գետի հունը փոխելը շատ թանկ նախագիծ է, հսկայական։ Գետն ինքը մեծ է, միջին տարեկան ավելի քան 700 մլն խորանարդ մետր հոսք։ Դրա համար էլ դժվար է մի քանի օրվա ընթացքում փոխել հոսանքի ուղղությունը։ Անհրաժեշտ է վիթխարի աշխատանք կատարել։

Հնարավոր է, ըստ էության, երկու տարբերակ. կամ հունը տանել դեպի հարավ, Քաշաթաղի շրջանով Բերձոր, դեպի Արաքս։ Սա հսկա ծախս է, թունելներ, այնպես անել, որ չհեղեղվեն տարածքները, որոնցով անցնելու է հունը։ Երկրորդ տարբերակը՝ դեպի հյուսիս, բայց դա շատ ավելի բարդ տարբերակ է, Մռավի գագաթով։ Միլիարդավոր դոլարների ծախս է։ Ես չեմ կարծում, թե դա առհասարակ հնարավոր է։

Բացի այդ, հոսելով Մարտակերտի շրջանով՝ Թառթառը նորից մտնում է ներկայիս Ադրբեջանի սահման։ Ուստի, եթե նրանք փոխեն հունը, սա կանդրադառնա նաեւ Արցախին սահմանակից Ադրբեջանի շրջանների վրա։

Բայց այդ ամենը՝ հիմա։ Վաղը նրանք կարող են անցնել այլ նախագծերի։ Օրինակ՝ կառուցել ջրամբար Քարվաճառի շրջանում, որպեսզի ճնշում գործադրեն մեզ վրա։ Որովհետեւ դա արդեն կազդի Սարսանգի ջրի մակարդակի վրա, եւ այդպես շարունակ։ Որպեսզի հետո դեպի Սարսանգի ջուր մուտք ունենան, որպես ճշման լծակ օգտագործեն։ Կարող են անցնել այլ տեսակի գործողությունների։

Հատկապես վտանգավոր է հիդրոահաբեկչությունը Հայաստանի հանդեպ, որովհետեւ Արփա եւ Որոտան գետերը սկսվում են Քարվաճառում։ Եվ ոչ միայն մեծ գետերը, այլեւ փոքր գետերը նույնպես։ Արփան եւ Որոտանը չափազանց կարեւոր են Հայաստանի համար, դրանք սնում ու փրկում են Սեւանա լիճը, իսկ դա Հայաստանի ջրային ռեսուրսների 80 տոկոսն է։

Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը խիստ ակտիվ կերպով ներգրավված է հիդրոքաղաքականության մեջ եւ օգտագործելու է այդ գործոնը որպես Հայաստանն ու Արցախը ճնշելու ծանրակշիռ լծակ։ Հիմա մենք շատ խոցելի ենք, Հայաստանը եւ Արցախը ջրային անվտանգության տեսակետից դարձել են ամենախոցելի երկրներից աշխարհում։ Չնայած դեռեւս մեկ տարի առաջ իրավիճակը բոլորովին հակառակն էր։

Ի՞նչ պետք է անենք։ Հիմա շատ կարեւոր է, որպեսզի մենք սերտորեն աշխատենք մեր դաշնակիցների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, որպեսզի գոնե հասնենք կամ ռուս խաղաղապահների, կամ ինչ-որ միջազգային դիտորդների ներկայությանն այն շրջաններում, որտեղ սկիզբ են առնում Արփա եւ Որոտան գետերը, որպեսզի թույլ չտրվեն այդ զարկերակների թունավորումներ Ադրբեջանի կողմից։ «Երկնագույն ցեղասպանություն» թույլ չտալու այլ հնարավորություն մեր ժողովուրդը պարզապես չունի»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» մենագրության հեղինակն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ