News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպումը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից և Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցից անմիջապես հետո առաջինն է:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակի ասել է․ «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ կառավարությունում: Սա տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, և շատ կարևոր է, որ ձևակերպենք առաջիկա անելիքները: Մենք իրար հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը: Եվ ծանր փորձության օրերին մեր ժողովրդին առաջնորդելու բեռն ու պատիվը մեր ուսերին է ընկած, և մենք պարտավոր ենք մեր առաքելությունը պատվով կատարել:

Իհարկե մենք, նաև՝ դուք էլ հիմա մի փոքր ավելի շատ, ես էլ նախընտրական շրջանում և դրանից առաջ, շատ ենք խոսել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Եվ դեռ կան հանգամանքներ, որոնց, իհարկե, անդրադառնալու առիթ կունենանք: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ նաև նախընտրական շրջանում ես հստակ ձևակերպել եմ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությունը, և կարևոր է, որ կարողանանք ձևակերպել այնպիսի ֆորմատ ու այնպես կազմակերպել աշխատանքը, որ այդ աշխատանքը լինի վստահելի, որովհետև շատ կարևոր հարցերի պատասխաններ պետք է ձևակերպվեն:

Բայց նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո մենք միասին բավականին լուրջ ջանքեր ենք գործադրել Արցախում բնականոն կյանքը վերականգնելու համար:

Այս ընթացքում երևի տասնյակ աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, մի մասը լուսաբանվել է, մյուս մասը չի լուսաբանվել: Եվ ես, անկեղծ ասած, շատ գոհ եմ մեր գործակցության մակարդակից, այն որոշումները, որ մինչև հիմա իրագործվել են, կարծում եմ՝ բավականին արդյունավետ են:

Հույս ունեմ՝ Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ որոշումների արդյունավետությունը, բայց, իհարկե, առաջիկայում ռազմավարական ծրագրեր կան քննարկելու, ես նկատի ունեմ՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Իհարկե, մեր օրակարգում հարցերի հարցը շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի ճշգրտման խնդիրը: Եվ պետք է արձանագրենք, որ նոյեմբերի 9-ից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ էության, արձանագրելով այդ օրակարգը, որպես աշխատանքային օրակարգ: Եվ մենք, պետք է այստեղ նույնպես մեր անելիքները ճշգրտենք, նոր իրադրության մեջ փորձենք որոշակի ռազմավարություն որդեգրել և մեր նպատակներին հասնելու ուղիները մատնանշել:

Կրկին ողջունում եմ Ձեզ, համոզված եմ, որ այսօր քննարկումների արդյունքում նոր լիցք կտանք այն ծրագրերին, որոնք արդեն իրականացվում են, և կձևակերպենք առաջիկա նախագծերը»։:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է․ «Մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստանալու և ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկը շարունակելու առումով: Համոզված եմ՝ այն ծրագրերը, որ քննարկել ենք, բերելու են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Պետք է համախմբենք հայությունն Արցախի շուրջ: Իհարկե, տարիների, տասնամյակների ընթացքում հայությունը միշտ եղել է Արցախի կողքին, միշտ աջակցել է, բայց այսօր ավելին՝ քան երբևէ, անհրաժեշտ է մեծ համախմբվածություն, և այդ դա մեզ հաջողվելու է:

Ուզում եմ միանշանակ արձանագրել այն, որ այսօր սոցիալ-տնտեսական առումով խնդիրները կարգավորվում են և սոցիալական այն ծրագրերը, որոնք իրականացրել է Հայաստանի կառավարությունը, միանշանակ Արցախը հանել է շոկային վիճակից: Այսօր սոցիալական քաղաքականությունը թույլ է տալիս վստահ հայտարարել, որ չկա ընտանիք, որը չի եղել ուշադրության կենտրոնում, և միանշանակ այդ ամենը միայն ու միայն Հայաստանի կառավարության կողմից հատկացված գումարների շնորհիվ: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարներն արդեն իսկ սկսել են ուղղվել բնակարանաշինությանը և ենթակառուցվածքների զարգացմանը: Այսօր Արցախը մի մեծ շինհարթակ է: Ծրագրերը պետք է շարունակել և առաջին հերթին՝ բնակարանաշինությունը, որը մեր գլխավոր խնդիրն է: Այսօր Արցախում բնակարանների խնդիրն այնքան խիստ է, որ օրը մեկ բնակարան կառուցելն էլ քիչ է: Մեր ծրագրերն իրականացնելու համար պետք է հասնենք նրան, որ առնվազն օրը մինչև 4-5 բնակարան կառուցենք: Այդ ծրագիրն ենք ուզում ներկայացնել հայությանը, որպեսզի ամեն մի հայ առաջիկա տարիներին մասնակցի բնակարանաշինության ծրագրերին:

Բայց, իհարկե, Արցախի ամենակարևոր խնդիրը անվտանգային, կարգավիճակի խնդիրն է: Եվ, բարեբախտաբար, կարգավիճակի առումով սկզբունքն ինչպիսին եղել է մինչ պատերազմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից օրակարգային փոփոխություն չի կրել:

Մենք պետք է ձգտենք, որ դա մնա օրակարգում: Ձեր բոլոր հայտարարությունները, մեր հայտարարությունները, որ Արցախի անկախության ճանապարհը քննարկման ենթակա չէ, վկայում է այն մասին, որ պետք է շարունակենք մեր պայքարը: Իսկ անվտանգության առումով, ուզում եմ վստահեցնել, որ Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի կողմից իրավիճակը համատեղ վերահսկվում է: Իրականում բարդ է աշխարհագրությունը, բայց, բարեբախտաբար, որևէ լուրջ մտահոգող խնդիր չի եղել: Այսօր ընթանում է բերքահավաք, որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա: Ընթանում են նաև ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները հենց այսօրվա շփման գծի երկայնքով:

Մենք ունենք համատեղ քննարկելու ծրագրեր՝ վերականգնելու այն, ինչ կորցրել ենք, ինչը շատ ծանր և երկար աշխատանք է պահանջում:

Մեծարգո պարոն վարչապետ, ուզում եմ նորից հաջողություն մաղթել՝ այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել եք շատ բարդ ժամանակահատվածում՝ պատվով կատարելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ