News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հավանականությունը, որ Իսրայելի Կնեսետը կընդունի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, բավական մեծ է. դրա համար այս պահի դրությամբ շատ լուրջ նախադրյալներ կան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն՝ իր համոզմունքը բացատրելով հրեական հասարակության եւ նրա գիտակցության  հասունացման հանգամանքով։

«Հասարակական կարծիք, որպես այդպիսին, ձեւավորում են հեղինակավոր մարդիկ, այնպիսի մարդիկ, ովքեր հասարակության մեջ մեծ հեղինակություն են վայելում։ Եւ երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնում են այդպիսի հեղինակավոր ու հարգված անձինք, հասարակության մոտ վստահություն եւ հետաքրքրություն է առաջանում, համապատասխաբար փոխվում է նաեւ մարդկանց կարծիքը։ Այնպես որ, այս պահի դրությամբ, օրինագծի ճանաչման բավական մեծ նախադրյալներ կան։ Հուսով եմ, որ օրինագիծը  ոչ միայն կքննարկվի, այլ նաեւ կընդունվի Կնեսետում։ Եւ դա ոչ միայն ի հեճուկս Թուրքիայի։ Պարզապես հասարակությունը հասունացել է եւ սկսել է ընկալել  բացարձակ ճշմարտությունը»,- նկատեց Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։

Հարցին, թե Հայոց ցեղասպանության մասին օրինագծի՝ Իսրայելի Կնեսետի օրակարգ ընդգրկվելու եւ ընդունվելու դեպքում ի՞նչ հնարավոր արձագանքներ կարելի է սպասել Թուրքիայից, Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը նկատեց, որ ոչ մի պարագում չպետք է վախենալ Թուրքիայի արձագանքից եւ ընկրկել Ցեղասպանության ճանաչման հարցում։ «Այս հարցում միայնակ չեն ո՛չ Իսրայելը, ո՛չ Հայաստանը, ո՛չ հրեաները, եւ ոչ էլ հայերը։ Կան հզոր ուժեր, որոնք կսատարեն ինչպես Իսրայելին, այնպես էլ Հայաստանին»,- ամփոփեց Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը։

Նշենք, որ Իսրայելի Կնեսետը հունիսի 29-ին քննարկել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն երկրորդ նախագիծը: Կնեսետի որոշմամբ, Իսրայելի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը քննարկվելու է կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որն էլ տալու է իր եզրակացությունը։ Պատգամավոր Արյե Էլդադը ներկայացրել է փաստաթուղթը, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը Իսրայելի կրթական ու ուսումնական ծրագրերում: Որոշմանը դեմ է քվեարկել Կնեսետի՝ ադրբեջանական ծագմամբ միայն մեկ պատգամավոր:

Սա երկրորդ օրինագիծն է Ցեղասպանության մասին, որ քննարկման է դրվում Կնեսետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ