News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լուվր։ Աշխարհի ամենահայտնի ու ամենահարուստ թանգարաններից մեկը, խոշորագույնը՝ զբաղեցրած տարածքի առումով (160 106 ք/մ): Թանգարանը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Սենայի ափին, Նոտր Դամից ոչ հեռու: Իրենց ազգային հպարտության մասին փարիզեցիներն ասում են. «Լուվրի համար մի ամբողջ կյանքն էլ չի բավարարի»: Դա իսկապես այդպես է: Հավաքածուն այնքան հարուստ է, որ տարիներով կարելի է ուսումնասիրել այն, իսկ մեկ այցի ընթացքում կարելի է ընդգրկել միայն չնչին մասը:

Լուվրի պատմությունը սկսվում է հեռավոր XII դարից, երբ Ֆիլիպ II Օգոստոսը (նույն Ռիչարդ Առյուծասիրտի մրցակիցը) Սենայի ափին կառուցեց ռազմավարական ամրոց: Այսօր այդ մասին է վկայում միայն աչքից թաքնված քարե հիմքը: Լուվր կարելի է հասնել մետրոյով (մետրոյի կայարանը եւ տոմսարկղը գտնվում են անմիջապես թանգարանի մոտ): Էքսկուրսիաները սովորաբար սկսվում են պալատի քարե հիմքից, որը «Միջնադարյան Լուվր» բաժնի մի մասն է կազմում: Այստեղ են գտնվում նաեւ միջնադարյան ամրոցի եւ այսօրվա պալատական համալիրի մակետները, քանի որ Լուվրն իր ներկայիս տեսքը ձեռք է բերել Լյուդովիկոս XIII-ի եւ Լյուդովիկոս XIV-ի օրոք:

Դրանից հետո կարելի է վերադառնալ Լուվրի բուրգին եւ, հետեւելով այլ երթուղիներին, բարձրանալ անմիջապես թանգարան: Լինելով հին հունական արվեստի սիրահար՝ ես որոշեցի այցելել համապատասխան սրահներ՝ չնայած դրանց հսկայական թվին: Անգամ այս բաժինը մեկ հոդվածում տեղավորելն անիրատեսական է, բայց ես կփորձեմ այստեղ տեղավորել տեսածիս գոնե մի մասը:

Թանգարանի հին հունական հատվածի մուտքերից մեկը 19-րդ դարում կառուցված Դարյուի (Լուվրում ամենաերկարներից մեկը) մարմարե սանդուղքն է՝ Սամոթրակյան Նիկայի միակ քանդակով (մ.թ.ա. 2-րդ դար): Անկատար կատարելությունը, ինչպես հաճախ անվանում են քանդակը՝ գլխի եւ ձեռքերի բացակայության պատճառով, կանգնած է նավի քթի տեսքով երկու մետրանոց պատվանդանին: Ժամանակակից վերականգնողները որոշել են հետեւել ոճին, եւ նրանց կողմից ստեղծված պատվանդանը կարծես հին է, տեղ-տեղ կոտրված, բայց ամուր եւ հուսալի՝ ինչպես պատշաճ է հաղթանակի աստվածուհու արձանին: Քանդակը 1863 թվականին հայտնաբերել է ֆրանսիացի հնագետը եւ այն տեղափոխել է Փարիզ, ինչպես ընդունված էր այդ ժամանակ, իսկ 1884 թվականից այն գտնվում է Լուվրում իր անփոփոխ տեղում (բացառությամբ պատերազմի տարիների, երբ այն, ինչպես նաեւ ամբողջ հավաքածուն, տեղափոխել էին Լուվրի անվտանգ թաքստոցներ):

Աստիճաններով բարձրանալով՝ մտնում ենք հին հունական քանդակագործության սրահ: Ամենուր սյունների վրա ազնիվ գինու երանգի մարմար է եւ հունական զարդանախշեր: Հիմնականում երեք կամ չորս արձաններից կազմված շարքերի մեջ միայնակ կանգնած է Միլոսյան Վեներան (մ.թ.ա. II-I դարեր): Առանց ձեռքի, բայց ամբողջ աշխարհում ոչ պակաս հայտնի մեկ այլ ցուցանմուշ (ի դեպ, արեւմտյան քաղաքակրթության միակ գլուխգործոցը, որը հայտնվել է «Դե, սպասիր» խորհրդային մուլտսերիալում): Պատահաբար հայտնաբերված արձանը, որը Օսմանյան Հունաստանում Ֆրանսիայի դեսպանը գնել էր որպես նվեր Լյուդովիկոս XVIII-ին, թանգարանում է 1821 թվականից: Սամոթրակյան Նիկայի եւ Մոնա Լիզայի հետ միասին Միլոսյան Վեներան կազմում է Լուվրի սուրբ երրորդությունը։ Սրանք թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներն են: Շատերն այստեղ են գալիս հենց այն նպատակով, որպեսզի իրենց աչքերով տեսնեն անցյալի վարպետների գլուխգործոցները:

Հին հունական դիցաբանության հերոսների արձաններից բացի, այստեղ էլի շատ բաներ կարելի է տեսնել՝ սկսած Հին Հունաստանի կենցաղային իրերից մինչեւ Պարթենոնի մակետը եւ Ալեքսանդր Մակեդոնացու կիսանդրին: Լուվրում պահպանվում են հին հունական եւ հռոմեական արձանների հսկայական կրկնօրինակներ, որոնք կոտրվել կամ կորել են խառը ժամանակներում, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում թանգարանի հավաքածուն: Որոշ դահլիճներ պատրաստված են զուտ հունական ոճով (միայն մարմար է եւ սյունների վրա զարդանախշեր), բայց որոշ տաղավարներում առաստաղները պակաս հետաքրքիր չեն, քան ցուցադրվող ցուցանմուշները:

Թանգարանի հին հունական հատվածի կողքին գտնվում է Ռիշելյեի թեւը, որը կրում է այդ նույն կարդինալ Ռիշելյեի անունը՝ Ֆրանսիայի թագավորության առաջին դեմքը, որը շատերի համար հայտնի է Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի շնորհիվ: Ֆրանսիացի թագավորներն ու պետական այրերը, առաջին հերթին Լյուդովիկոս XIV-ը եւ կարդինալ Ռիշելյեն, Հին Հունաստանի մեծ երկրպագուներ են եղել եւ իրենց պալատներում արձաններ, հաճախ հնագույն առասպելներին նվիրված ամբողջական տեսարաններ են կանգնեցրել: Դրանց մի մասն այսօր ցուցադրվում է Լուվրի այս հատվածում:

Ռիշելյեի թեւից կարելի է բարձրանալ սանդուղքով դեպի բազմաթիվ սրահներից մեկը, որը հեռավոր անցյալում ծառայում էր որպես թագավորների հանդիսավոր ընդունելության սենյակ, եւ որտեղ, ըստ ավանդազրույցների, Մոլիերը առաջին անգամ ելույթ է ունեցել Լյուդովիկոս XIV-ի առջեւ: Մուտքը տպավորիչ է, քանի որ դասական սյուների փոխարեն կան չորս կարիատիդներ, որոնց բնօրինակները դեռ կանգնած են Աթենքում: Ի պատիվ կարիատիդների, դահլիճը կոչվում է Salle des Cariatides (Կարիատիդների սրահ): Այստեղ տեղակայված են հսկայական թվով աշխարհահռչակ արվեստի գործեր: Այս դահլիճի աստղը Արտեմիսի քանդակն է՝ եղջերուի ձագի հետ, որը ավելի հայտնի է որպես Վերսալյան Դիանա (մ.թ.ա. II-I դարեր): Արձանը, որը ես հաճախ տեսել եմ դասագրքերում, կանգնած էր հենց սրահի կենտրոնում՝ բարձր պատվանդանի վրա: Այս արձանը ժամանակին Հռոմի Պապ Պողոս IV-ն է նվիրել թագավոր Հենրիխ Երկրորդին: Այն նաեւ Լյուդովիկոս XIV-ի սիրելին էր: Երբ նա գնում էր Վերսալ, առաջին հերթին իր հետ տարավ «Դիանային», քանի որ արձանը, ըստ նրա, անտիկ քանդակագործության լավագույն ստեղծագործությունն էր ամբողջ Ֆրանսիայում:

Լուսանկարները՝ Տանյա Ղազարյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ