News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռուսաստանում, ամենայն հավանականությամբ, ապրում է 1,8 - 1,9 միլիոն հայ: Այս մասին, հուլիսի 21-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Ընդ որում, նրա խոսքով, 2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1 միլիոն 182 000 հայ է եղել:

«Բացի այդ, 600-650 հազարը Հայաստանի քաղաքացիներ են: Միեւնույն ժամանակ, այս ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել մի քանի տասնյակ հազարավոր հայեր: Այսպես, կարող ենք ասել, որ Ռուսաստանի տարածքում ապրում է գրեթե 2 միլիոն հայ»,- պարզաբանեց Միքայելյանը` նշելով, որ, ըստ ընդունված գնահատման, Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում, թեեւ դա այդպես չէ:

Այնուհետեւ, քաղաքագետը նշեց, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանում բացասական հաշվեկշիռը կազմել է մինուս 138 000 մարդ, եւ դա միայն ավիափոխադրումների տվյալներով: Սա, ըստ վերլուծաբանի, բավականին լուրջ թիվ է, ինչը վկայում է միգրացիայի լուրջ աճի մասին:

«Հայաստանի համար սա բավականին լուրջ ցուցանիշ է: Ամենայն հավանականությամբ, նրանցից 80 000-ը երբեք չի վերադառնա հայրենիք: Սա չափազանց մեծ ցուցանիշ է 6 ամսվա համար»,- ասաց Միքայելյանը:

Երկրից հեռացած քաղաքացիների հիմնական մասը, ըստ քաղաքագետի, մեկնել է Ռուսաստան, քանի որ կորոնավիրի համավարակի պայմաններում ամենահեշտը այնտեղ գնալն է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը հայերի համար ավելի բաց երկիր է:

«Բայց պետք է նշել, որ հայերի դիրքն այնտեղ զգալի անկում է արձանագրել, ընդ որում՝ ինչպես ոչ ֆորմալ, այնպես էլ ֆորմալ մակարդակով: Սրա պատճառը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների մակարդակի անկումն է: Եկեք սրանում մեզ չխաբենք: Պատճառները բոլորին հայտնի են: Պարզապես կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց աչքերը փակել այս ամենի վրա, կամ նույնիսկ ուրախանում են այն ամենով, ինչ տեղի է ունենում»,- ասաց Միքայելյանը:

Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց, որ ՌԴ-ում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, պատերազմում վերջին պարտության հետ կապված, հայերի եւ Հայաստանի հեղինակությանը լուրջ վնաս է հասցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ