News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այն պատճառները, որ բերել են ներքաղաքական ճգնաժամի, վերացե՞լ են, իհարկե, չեն վերացել․ հիմա մեկ հարցի պատասխանը պետք է տանք՝ ընտրությունը ժամանակի մեքենա է, կարող է՞ ժամանակը հետ պտտել, թե չի կարող, հասկանալի է, որ չի կարող։ Հետեւաբար՝ այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, հետապնդելու է այս քաղաքական թիմին իրենց ամբողջ կյանքում։  Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանությանը համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար եւ նման մի շարք այլ հոմանիշներ։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր բնակչության բավական որակյալ հատվածն են։ Հիմա, ինչպես կարելի է խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Ի դեպ, խոսքը տարբեր մոտեցումների մասին չէ, թե ինչ սոցիալական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում՝ ավելի լիբերա՞լ, թե՞ ավելի սոցիալիստական։ Խոսքը տարբեր ոլորտներում պետության մասնակցության մասին չէ։ Խոսքը ֆունդամենտալ հարցրերի մասին է, ֆունդամենտալ կորուստների մասին։ Տեսեք, մենք չունենք պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ՝ ինչպես ենք մենք կորցրել Շուշին, Հադրութը, այդ պատասխանները չունենալու պարագայում հնարավո՞ր է խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան լինել, միգուցե հիմա փոքր-ինչ ավելի նվազ, մեկ ամսից շատ ավելի սուր հնչեղություն այս ամենը ստանա, բայց, կրկնեմ, ընտրությունը ժամանակի մեքենա չէ, անցյալը չի ջնջում», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

2-րդ նախագահը  400 հազար քաղաքացու այդպիսի կողմնորոշումը բավական լուրջ հանրային ընդվզում է համարում, եւ չի հավատում, որ նրանցից գոնե մեկն իր կարծիքը փոխելու է, եւ նրանք այսօր իր բարձրացրած հարցերի պատասխանները պահանջելու են։

«Մենք որեւէ ողջամիտ պատասխան, որեւէ բացատրություն չենք ստացել, թե ի վերջո այս պատերազմը պլանավորված պարտություն է՞ր, թե՞ ինչ էր, եւ եթե դուք համարում եք, որ այս տարանջատումը երկրի ներսում այսպիսի հարցի շուրջ, որը, կրկնեմ, ոչ թե սոցիալական, այլ ազգի լինել-չլինելու, պետության լինել-չլինելու հարց է,  եթե համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ, այսպես ասենք,  երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման փուլ մտնելու համար, սխալվում եք, այդպես չէ։ Սա մի ական է, որ լինելու է երկրի քաղաքական կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի ստացել այդ հարցերի պատասխանները», ասել է Ռ․Քոչարյանը։

Հետընտրական շրջանում ոռոգման խնդրի շուրջ բողոքի ելույթների թեմայով «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասել է, որ գյուղը այս իշխանության ամենաանտեսած ոլորտն է, եւ հենց գյուղական բնակավայրերում են նրանք ունեցել ամենաշատ քվեները, ինչը պարադոքս է, եւ դա  ազդակ է բոլոր հաջորդ իշխնությունների համար․ որքան վատ ես վերաբերվում գյուղի նկատմամբ, այնքան լավ՝ քո քաղաքական հեռանկարների համար։

«Երբ ամենաանտեսված ոլորտն այդպես է քվեարկում  այդ իշխանությանը, այլ հետեւություն քաղաքական ուժերը չեն անելու, ասելու են, որ կարելի է անտեսել, ոչինչ չանել, ոռոգման հարցերով չզբաղվել, պարարտանյութի, դիզվառելիքի մասին չմտածել, սուբսիդիաների մասին լրջորեն չմտածել, այն, ինչ միշտ արել է այս իշխանությունը, միեւնույն է, գյուղացին մեր կողքին է կանգնած լինելու, մեզ է տալու իր քվեն։ Գիտեք, նման կարգի դրսեւորումներն այլասերում են քաղաքական դաշտը, որովհետեւ, բնական է, որ եթե ինչ-որ ոլորտի ուշադրություն չես դարձնում, այդ մարդկանց պետք է կորցնես որպես քաղաքական աջակիցներ։ Իսկ եթե դու ոչինչ չես կորցնում, կարող ես մտածել՝ ինչու պետք է ես իմ ժամանակը, ռեսուրսները ծախսեմ նման բաների համար, եթե անիմաստ է։ Տարանջատումը լավ չէ, բայց քաղաքականության մեջ պրագմատիզմն աշխատում է։ Այո, պետք է ասել՝ պահանջեք իրենցից, բայց ասել՝ դուք արժանի եք այսպիսի իշխանությանը, կոռեկտ չեմ համարում, այնուամենայնիվ, խոսքը մեր ժողովրդի մասին է, մոլորված, սարսափած պատերազմի հետեւանքներից, որոշակի իռացիոնալ դաշտի ազդեցության ներքո, նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ տեղեկատվական տեռորի ազդեցության ներքո։ Այս ամենը մի փունջ է կազմում, որի արդյունքում նման դրսեւորումներ լինում են», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ