News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեծ դեղնակատար կակադուն (Cacatua galerita), որը պատմականորեն բնակվում է Ավստրալիայի եւ հարեւան պետությունների անտառներում, գնահատել է այն առավելությունները, որոնք իրեն տալիս են բնակավայրերը, եւ հիմա այդ թռչունը լայնորեն տարածված է քաղաքի փողոցներում։ Սիդնեյում թութակները լրիվ հարմարվել են նոր միջավայրին՝ ծարավը հագեցնելով հանրային շատրվաններում եւ սնունդ հայթայթելով աղբամաններում. դրա համար նրանք անգամ սովորել են բացել աղբամանների կափարիչները, տեղեկացնում է Nat-geo-ն։

Դա էլ քիչ է, թռչունները յուրացրել են իրենց համար նոր հմտություն. նրանք մշտապես կատարելագործվում են։ Այն բանից հետո, երբ տեղի բնակիչները, դժգոհելով շուրջը գտնվող աղբամաններից դուրս թափված աղբից, սկսեցին կափարիչների վրա ծանր քարեր դնել, կակադուները գտան այդ խոչընդոտը հաղթահարելու ելքը։ Թռչունները քարերը կտուցով հրում են դեպի կափարիչի եզրը, մինչեւ որ այն մոտենում է եզրին, իսկ հետո, կափարիչը գլխով պահելով՝ այն հետ են նետում։

Մաքս Պլանկի կենդանիների վարքի ինստիտուտի թռչնաբանները ենթադրել են, որ թութակները միմյանց սովորեցնում են կատարել այդ գործողությունը. շատ արագ դրան տիրապետել են բոլոր կակադուներն ամբողջ քաղաքում։ Մինչեւ 2018թ. թութակները մտնում էին աղբամաններ Սիդնեյի երեք շրջաններում, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր մեկը մյուսից մեծ հեռավորության վրա, բայց 2019-ից հետո տեխնոլոգիան տարածվեց 41 հարակից շրջաններում. 478 վայրի 1396 բնակիչ տեղեկացրել է 338 նման դեպքի մասին։ Դա ռեկորդային բարձր արագություն է, եւ հետազոտողները կարծում են, որ տեխնիկայի կիրառումը թռչունների մշակութային էվոլյուցիայի հետեւանքն է։

Ընդ որում՝ թութակները ստեղծել են մի շարք եզակի հնարքներ։ Այսպես, Սիդնեյի հյուսիսային մասում կակադուն աղբամանը շրջանցում է աջ կողմից՝ պահելով կափարիչը, իսկ քաղաքի կենտրոնում այդ թռչունները կափարիչը քաշում են իրենց կողմը՝ գտնվելով դրա վրա։ Հավանաբար, դա կախված է այն բանից, թե ում են թռչուններն ընդօրինակել ուսանելու ժամանակ։

Կա ե՛ւ տարիքային, ե՛ւ սեռական տարբերակում. մասնավորապես, արուները կափարիչներից ավելի հեշտ են գլուխ հանում, քան էգերը, իսկ ավելի ծեր առանձնյակները հետ են մղում երիտասարդներին եւ փորձում բացել կափարիչը, մինչ վերջինները պարզապես դիտում են։ Դա էլ դառնում է այն «դպրոցը», որտեղ կակադուները սովորում են սնունդ հայթայթել քաղաքի պայմաններում։

Թութակների վարքը քիչ է ուսումնասիրված, չնայած թռչունները շատ սոցիալական են եւ ինտելեկտ ունեն։ Որոշ փորձագետներ հավաստիացնում են, որ կակադուները նույնքան խելացի են, որքան եւ շիմպանզեները, բայց ապացուցողական բազան առայժմ բավարար չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ