News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 6063 ընտանիք:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է պետական աջակցություն: Այդ նախաձեռնություններից է 2010 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը, որի համակարգող գերատեսչություններից է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ծրագրի հիմնական նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների հաղթահարման գործում արդյունավետ պետական աջակցության համակարգի ներդրումն է, որն էլ նպաստում է երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, արտագաղթի նվազմանը, հիփոթեքային վարկավորման համակարգի զարգացմանը, ինչպես նաև խթան է բնակարանային շինարարության և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման համար: 2010 թվականից ի վեր՝ ամեն տարի, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի միջոցով հարյուրավոր ընտանիքներ առաջնային և երկրորդային շուկայից ձեռք են բերել բնակարաններ հանրապետության մարզերում և Երևանում:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի խոսքով՝ հատկապես 2018-2019 թվականներին ծրագրին դիմողների թիվը զգալիորեն աճել է, ինչին նպաստող հանգամանքներից են եղել այդ տարիներին ծրագրի կարգում կատարված փոփոխությունները և լրացումները: Մասնավորապես, այժմ երիտասարդ ընտանիքը սահմանվում է հետևյալ կերպ՝ «երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսինների տարիքների հանրագումարը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ երիտասարդ ծնող»:

«Համապատասխան փոփոխություններն ավելի շատ ընտանիքների են հնարավորություն տվել դառնալու ծրագրի շահառու: Այսպես, երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը բարձրացվել է մինչև 70 տարեկան՝ առանց տղամարդու և կնոջ տարիքային որևէ շեմի սահմանմամբ: Պետության կողմից սուբսիդավորման ծավալը և շահառուների թիվը շարունակաբար ավելացել են, իսկ 2019 թվականին հասել է դեռևս առավելագույնին՝ 1196-ի: Այդ տարի Երևանում բնակարան է ձեռք բերել 499 երիտասարդ ընտանիք, մարզերում՝ 697: 2020 թվականին կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ թիվը նվազել է․ Երևանում ձեռք են բերել 323 բնակարան, մարզերում՝ 558: Այս տարվա առաջին կիսամյակում Երևանում ձեռք են բերել 117 բնակարան, մարզերում՝ 269: Եթե հաշվի առնենք, որ այժմ հետպատերազմական վերականգնման փուլում ենք, ապա երկրորդ կիսամյակի թիվը կաճի: Իհարկե, բարդ կլինի հասնել 2019 թվականի ցուցանիշին, սակայն առաջնայինը նախորդ տարվա ցուցանիշը չթերակատարելն է»,- ասել է Գոհար Մամիկոնյանը և հավելել, որ ծրագրի շահառու դառնալու համար վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ընտանիքները պետք է նախ դիմեն առևտրային բանկ:

Հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5): Երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը Երևանում և մարզերում չի կարող գերազանցել 25 մլն դրամը, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) ձեռք բերվող բնակարանի գինը՝ 30 մլն դրամը:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի խոսքով՝ ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցները շարունակելու են աճել՝ այդպիսով պետությունը հետևողականորեն կատարելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու իր հանձնառությունը. «2021-2024 թվականներին միջնաժամկետ ծախսային ծրագրերով պետության կողմից սուբսիդավորման չափը շարունակաբար աճելու է: Այս տարվա համար նախատեսված է 1 մլրդ 300 մլն դրամ, 2022 թվականին կհատկացվի 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 78 մլն դրամ, իսկ 2024-ին՝ 2 մրդ 425 մլն 200 հազար դրամ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ