News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ահա և վերջ…գուցե կասեն մարդկանցից շատ շատերը. Բայց ոչ ես և ինձ ճանաչող մարդիկ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կանգնած լինելով նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման ակունքներում, 30 երկարուձիգ տարիների ընթացքում առաջնորդվել եմ այն գաղափարով, որ պետությունը ՄԵԿՆ է, իշխանությունները՝ փոփոխվող։

Ազգային պետությանը ծառայելը ծանրագույն ու դժվարին պարտականություն է, գիտակից ծառայությունն՝ անմնացորդ նվիրում, անսահման համբերատարություն, բազում զրկանքներ ու սահմանափակումներ, ուժեղ դիմադրողականություն, խորը հավատ՝ ձեռնարկածդ և ձեռնարկելիք քայլերիդ հաջողության, կշռադատված վերլուծություն ու գնահատական չարածներիդ ու անհաջողություններիդ նկատմամբ, աննկուն կամք ու անհաղթահարելին հաղթահարելու պատրաստակամություն պահանջող բարձր պատասխանատվություն։ Սա է ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈւԹՅԱՆ իմ ընկալումը։ Իմ պետությանը ես ծառայել եմ և դեռ ծառայելու եմ հենց այդ գիտակցությունից ելնելով։

Ամեն մարդ լույս աշխարհ է գալիս իր առաքելությամբ։ Իմ դեպքում, կյանքն ինձ բերեց դեպի դիվանագիտություն։ Դեռևս դպրոցական տարիներից փայփայած երազանքս իրականություն դարձավ։ Երիցս երջանիկ էի, որ դիվանագիտական ծառայության առաջին քայլերս սկսում եմ վերանկախացած Հայաստանի Հանրապետության պայմաններում։ Այդ տարիներին էր, որ հասկացա պետությանը զինվորագրվելու առաքելության իմաստն ու գաղափարախոսությունը։

Տակավին երիտասարդ էի և պատկերացնել անգամ չէի կարող, որ մի օր Հայաստանը կճանաչվի միջազգային հանրության կողմից և իր վեց տասնյակից ավելի դիվանագիտական առաքելությունները կբացի աշխարհի չորս անկյուններում։ Սակայն կյանքի պարուրաձև շրջադարձն ինձ պետք է բերեր այն կետին, երբ ինքս անմիջական մասնակիցը դարձա այդ հսկայածավալ գործընթացի՝ ծառայությանս տարբեր փուլերում իմ համեստ ներդրումը բերելով հայոց դիվանագիտության կայացման ու ամրապնդման նվիրական գործին։

Անցած ճանապարհս միշտ չէ, որ հարթ է եղել։ Այսօր, կյանքի այս հանգրվանում, հետադարձ հայացք նետելով այդ ճանապարհի տարբեր հատվածներին, հանգիստ խղճով և առանց երկմտանքի կարող եմ ասել, որ կատարել եմ իմ առջև դրված առաջադրանքներն ու պարտավորությունները, չեմ ընկրկել դժվարություններից ու բարդություններից, չեմ զլացել բարձրաձայնելու անարդարության, սրիկայության, կեղծիքի ու կեղծավորության, բանսարկության, երկերեսանիության և նմանտիպ այլ եղկելի արարքների մասին, չեմ թաքնվել սրա կամ նրա թիկունքում, եղել եմ պարզ ու շիտակ՝ շատ դեպքերում քաջ գիտակցելով, որ անարժաններն այլ վերաբերմունքի են արժանի, սակայն, մշտապես լինելով անուղղելի լավատես, այնուամենայնիվ մտածել եմ այդ տեսակին երկրորդ, իսկ որոշ դեպքերում երրորդ հնարավորություն տալու մասին։

Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը. սա պատմական մեծ փորձություն անցած աքսիոմա է։ Նրանք երբեք չեն կարող կռվել կամ նույնիսկ խոսել դեմ դիմաց՝ աչքերի մեջ ուղիղ նայելով։ Նրանցը` դավադիրն է, ստորաքարշությունը, պնակալիզությունը, երախտամոռությունն ու սողունակերպ ապրելը…

Կյանքիս անփոփոխ հավատամքն է եղել հավաքականությունն ու միասնականությունը, ամեն ինչ արել եմ համախմբման ու մերձեցման համար։ Չեմ ընդունել բաժանարար գծերն ու պատնեշները, բարբառների հիմքով ԱԶԳԸ տրոհելու ու ցաք ցրիվ անելու դատապարտելի գործողությունները, նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը, մեծամտությունն ու տգիտությունը, ազգային արժեհամակարգի ոտնահարումն ու ՀԱՅԻՆ խորթ, արհեստածին օրակարգերի ներմուծումն ու պարտադրանքը, օտարամոլությունն ու հացուկացի մասին անդադար ու անհասկանալի դիտարկումները։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու։

Սա է պատճառը, որ ինձ համար վերջ չկա։ Կա նոր սկիզբ ու շարունակական ծառայություն ՀԱՅՐԵՆԻՔԻՍ՝ բարձրագույն ու սուրբ արժեք, որ վեր է ամեն ինչից, արժեք, որ պարտադրում է ապրել ու պայքարել, կառուցել ու շենացնել, հավատալ ու հավատով լցնել։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է։

Ես հրաժեշտ չեմ տալիս, այլ ասում եմ ՑՏԵՍՈւԹՅՈւՆ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյան

Տպել
Ամենաշատ