News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Փողոցում առևտուր անելու փոխարեն քաղաքապետարանն առևտրականներին առաջարկում է տեղափոխվել առանձնացված շուկաներ, բայց նրանք այլ կարծիք ունեն հանրային համակեցության մասին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգայցերի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ոստիկանության աջակցությամբ մայթերն ազատում են վաճառվող ապրանքներից: Դրանք տեղափոխվում են վարչական շրջանի շենք:

«Մայթերից վերցնում, բերում ենք, եթե մարդ կա, որանձնագրով գալիս, ասում է` իմ սեփականությունն է, ապա համապատասխան արձանագրությունը կազմվում է և տվյալ անձնավորությունը տուգանվում է: Շատ դեպքերում ասում են՝ եթե տուգանք կա չենք վերցնում ապրանքները: Երևի եկամուտն այնքան շատ է, որ այսքան գումար կորցնելը խնդիր չէ իրենց համար»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի պետ Արտյոմ Բաղդասարյանը:

Երևանյան փողոցների տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու առողջության համար: Մասնագետները բազմիցս զգուշացրել են սրա մասին:

«Հետևողական պայքարն արդեն արդյունքը տալիս է. մարդիկ սկսել են հասկանալ, որ այլ տարբերակ չկա, պետք է վերացնենք փողոցային առևտուրը: Իհարկե, համառ մարդիկ էլ կան, որ դեռ շարունակում են, բայց կարծում եմ, երկար չի տևի: Մեր նպատակը մարդկանց տեղաշարժն ու անվտանգությունն ապահովելն է»,-ընդգծում է Արտյոմ Բաղդասարյանը:

Ստուգայցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնականապես լուծվի:

Տպել
Ամենաշատ