News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Լեւոնը սկսեց մանեւրելը, տարբեր մեխանիզմներով ճնշումներ էր գործադրում, ինչ-որ երաշխիքեր էր առաջարկում, այսպես մի քանի օր հանդիպումներ անցկացրեց Գորիսում ու Ստեփանակերտում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում 1993-ի դեպքերը վերհիշել է Արցախի այն ժամանակվա նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Պաշտպանության պետական կոմիտեի առաջին տեղակալ Բորիս Առուշանյանը։

Նա վերհիշել է 1993 թ-ի հունիսի 12-ին Գորիսում եւ հունիսի 14-ին Ստեփանակերտում ՀՀ այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանդիպումները, որտեղ նա Արցախի փաստացի իշխանություններին առաջարկում էր Ադրբեջանցիներին հանձնել ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլի 2-ին, ազատագրած Քարվաճառը, զինաթափել Արցախի բանակը, ընդունել միջնորդների խաղաղար ծրագիրը, փոխարենը պահել վերահսկողությունը Լաչինի միջանցքի վրա։ Նա սպառնում էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կդառնա մեր թշնամին, քանի որ խաղաքարտերի վրա է Ելցինի հեղինակությունը․ «Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը, 40 օր հետո փամփուշտը վերջանալու է, 7 օր հետո վերջանալու է մթերքը, Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել»,-ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արցախի իշխանությունները, ի վերջո, համաձայնեցին պաշտոնական Երեւանի պահանջներին (չնայած Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար  Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց),  բայց Քարվաճառը չհանձնեցին, քանի որ միջազգային միջնորդներից ու Հայաստանից մեկ ամիս ժամանակ էին խնդրել, ու այդ ժամանակն օգտագործել էին 10 օր հետո Մարտակերտը, մեկ ամիս հետո Ակնան (Աղդամ), ապա շղթայաբար մյուս տարածքներն ազատագրելու համար։ Դրանից հետո ռազմաքաղաքական դրությունն Արցախում կտրուկ փոխվեց, ինչն էլ քաղաքական այլ զարգացումների պատճառ դարձավ։

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր։ Հանդիպման սղագրությունից պարզ է դառնում, որ նա, ի վերջո, առերեւույթ համաձայնել է ստորագրել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փաստաթուղթը, բայց, Բորիս Առուշանյանի համոզմամբ, ուղղակի փափուկ բարձ է դրել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխի տակ, որպեսզի հարաբերությունները չփացնի, իսկ իրականում շարունակել է Արցախի տարածքների ազատագրումը։

«Ռոբերտ Քոչարյանը, տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում ճնշման տակից դուրս գալ, մի կողմից չէր ուզում փչացնել հարաբերությունները Երեւանի հետ՝ այնտեղից գումար էինք ստանում, կամավորներ էին օգնության հասնում եւ այլն, չէր ուզում փչացնել հարաբերությունները, բայց, մյուս կողմից էլ, չէր կարող համաձայնվել նրա առաջարկի հետ․ դրա համար խոստացավ, բայց ասաց՝ ժամանակ տրամադրիր 1-2 ամիս, նախապատրաստական գործեր անեմ։ Լեւոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն, խաբեց էլի, որ ժամանակ շահի, Քարվաճառը չհանձնի, ուրիշ ելք չկար»,-ասել է Արցախի ՊՊԿ այն ժամանակվա ղեկավարի տեղակալը։

Նրա համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը անգամ ճիշտ չէր ասում, թե Ռուսաստանը երես կթեքի մեզանից, որովհետեւ Ռուսաստանն այդ ժամանակ, ճիշտ է, փորձում էր իր ազդեցության ոլորտում պահել Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը խոստացել էր մտնել ԱՊՀ, բայց ինքը չի հավատում, որ Ռուսաստանը կարող էր այդ տեսակ կտրուկ քայլերի դիմել։ Եվ հետագան էլ ցույց տվեց, որ Ռուսաստանն այդպիսի կտրուկ քայլերի չգնաց։

«Եթե մերոնք զորքերը Քարվաճառից հանեին, ապա մենք կունենայինք այն վիճակն, ինչ ունեինք այսօր․ Ղարաբաղի կեսը կմնար Ադրբեջանի հսկողության տակ, Մարտակերտի շրջանը, հարավային շրջանի որոշ մասը եւ այլն։ Եվ Արցախի կարգավիճակը կմնար օդում կախված։ Այնինչ մենք, հաղթանակներ տանելով ռազմաճակատում, արդեն անցել էինք հակահարձակման, հաղթանակներ էինք տանում, ջարդում էինք թշնամու բանակը, ու հանկարծ այդ պայմաններում մենք գնայինք նման քայլի, դա շատ սխալ կլիներ, դրա համար մեր ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնվել»,-ասել է Բորիս Առուշանյանը։

Նա մի դրական հանգամանք էլ նշեց․ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վազգեն Մանուկյանն էր։

«Վազգեն Մանուկյանը շատ դեպքերում կարողանում էր ինքնուրույն որոշումներ ընդունել, եւ մեզ հետ համամիտ էր, որ այդ պայմաններում մենք պետք է օգտագործենք մեր հնարավորությունները։ Բացի դրանից, Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ խաբում էր ռուսներին, դեպի Թուրքիա էր թեքվում, բայց խոսքով ցույց տալիս, թե իբր ուզում է Ռուսաստանի ազդեցությունը պահել․ ինձ թվում է՝ ռուսները հասկացել էին, որ Ադրբեջանի հետ հեշտ չի լինելու պայմանավորվել, դրա համար մեզ այնքան էլ չէին ստիպում, ուղղակի Լեւոնն ինքն էր շահագրգռված․․․ մինչեւ այսօր ես նրա այդ պարտվողական քաղաքականության իմաստը չեմ կարողանում հասկանալ»,-նշել է Բորիս Առուշանյանը։

Հատկանշական է, որ Բորիս Առուշանյանին, որն այն ժամանակ  Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի առաջին տեղակալն էր ու կատարում էր արտգործանախարարի պարտականությունները, քանի որ ԱԳՆ-ն դեռ չէր ձեւավորվել, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կանչել Քարվաճառի հարցով քննարկմանը։

«Նա գիտեր, որ իմ դիրքորոշումը շատ կոշտ է, որովհետեւ ես 4 պատվիրակություն եմ ղեկավարել, ու ամեն անգամ Հռոմ մեկնելուց առաջ նա ինձ խնդրում էր լինել զիջողական, կոշտ դիրք չգրավել, հաշվի առնել Հայաստանի ծանր վիճակը, որ նրա դեմ կարող են կիրառել պատժամիջոցներ։ Նա այդ ձեւի տեսակետներ ուներ, բայց ես ամեն անգամ ասում էի, որ ես ելնելու եմ առաջին հերթին Արցախի շահերից»,-ասել է  Բորիս Առուշանյանը։

Նա ընդգծել է, որ Մարտակերտի մեծ մասը դեռեւս գտնվում էր թշնամու վերահսկողության տակ, Աղդամից անընդհատ հրետակոծում էին Ստեփանակերտը եւ մոտակա գյուղերը, դեռեւս հարավային շրջանում ունեինք բնակավայրեր, որոնք գտնվում էին թշնամու վերահսկողության տակ, նման պայմաններում ինչո՞ւ պետք է մեր հաղթական պետությունը, որն այն ժամանակ հաղթանակ հաղթանակի հետեւից էր տանում, մենք գնայինք Քարվաճառը հանձնելու քայլին։

«Ինձ թվում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընկել էր միջազգային մեծ ճնշումների տակ։ Որովհետեւ Քարվաճառն ազատագրելուց առաջ, երբ ես չորրորդ պատվիրակության կազմում մեկնում էի Հռոմ, ինքն ինձ խնդրեց, որ ոչ մի պարագայում թույլ չտամ, որ մեր մեղքով տապալվեն բանակցությունները։ Իմ հարցին, թե՝ ինչո՞ւ, հնարավոր է, որ Ադրբեջանն այնպիսի պայմաններ դնի, որ ստիպված լինենք մերժել, ինքն ասաց՝ քեզ մի գաղտնիք հայտնեմ, մեր մեջ մնա, ասաց՝ շուտով Քարվաճառը պետք է մեր եւ ձեր զորքերը միասին ազատագրեն, այսինքն, դուք՝ արեւելքից, մենք՝ արեւմուտքից պիտի մտնենք Քարվաճառ, դրա համար չպիտի բանակցությունները մեր մեղքով տապալվեն։ Այսինքն, ինքը տեղյակ էր, որ մենք Քարվաճառի գործողությունը պիտի անցկացնեինք, եւ ինքը նաեւ օժանդակում էր։ Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ ընդամնեը 2 ամիս անց շատ կոշտ ձեւով փորձում էր մեզ ստիպել, որ վերադարձնենք Քարվաճառը»,-պատմել է  Բորիս Առուշանյանը։

Նա վստահեցրեց, որ 1993 թ-ին  մենք կռվում էինք հիմնականում Ադրբեջանի բանակից խլված զենքով։

«Բացի դրանից, ՀՀ տարածքում գտնվող 7-րդ բանակի զենքը, որը 2 ամիս ուշացումով էր տրամադրվել Հայաստանին, ի տարբերություն 4-րդ բանակի, որ Ադրբեջանը ստացել էր ավելի շուտ, անգամ այդ բանակը 3 անգամ ավելի քիչ սպառազինություն ուներ, քան Ադրբեջանի տարածքում տեղակայված 4-րդ բանակը։ Ա՛յ, այդ բանակի զենքի չնչին մասն է մեզ հասել օգնություն, մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանը պահել էր ՀՀ-ի սահմաններում։ Այսինքն, մենք անգամ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական բանակի չնչին զինատեսակներն ենք ստացել, հիմնականում մենք այդ ժամանակ կռվում էինք Ադրբեջանի բանակից խլված զենքով եւ տեխնիկայով․ դա է ճշմարտությունը»,-ասել է Բորիս Առուշանյանը։

Նա նշել է, որ Մարտակերտը, Ակնան, մյուս շրջանները հաջողվեց ազատագրել, քանի որ Ադրբեջանի բանակը արդեն ջախջախված էր, եւ մենք շարունակեցինք մեր հարձակողական գործողությունները, եւ փայլուն հաջողեցինք։

Հնարավո՞ր էր արդյոք, Քարվաճառի օրինակով, տարածքները պահել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եթե հաշված օրերում չհանձնեինք Արցախի տարածքները եւ ժամանակ խնդրեինք պայմանագրային պարտավորությունները կատարելու համար․ Բորիս Առուշանյանը պատասխանեց՝ եթե Արցախի կառավարման համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին եղել է 1992-94 թթ, ապա հաստատ այս վիճակը չէր լինի։

«Այն ժամանակ Արցախի բանակը մենք էինք կառավարում, Հայաստանը մեզ օգնում էր, դրա համար Լեւոն Տեր-Պետրոսյանը լծակներ չուներ մեզ վրա․ միակ լծակն այն էր, որ փող չտար, նյութական օգնություն ցույց չտար, էլեկտրաէներգիան կտրեր, վառելիք չտար, զինամթերք չուղարկեր։ Բայց նաեւ որ դա աներ, Հայաստանում այնպիսի բունտ կբարձրանար, որ Լեւոնը մի օր էլ չէր մնա իշխանության։ Դրա համար նա այդ լծակը չուներ մեր բանակի վրա ազդելու»,-ասել է նա։

Մինչդեռ 2020թ-ին ուրիշ ժամանակաշրջան էր․ փաստորեն, ՀՀ ղեկավարությունն էր կառավարում ընդհանուր բանակը, ասաց Բորիս Առուշանյանը, դրա համար Փաշինյանը շատ հեշտությամբ կարողացավ հանձնել տարածքները եւ Արցախը ոչինչ չէր կարող անել՝ պարալիչի էր ենթարկվել տեղում։

«Եթե կառավարման համակարգը լիներ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ էր, մենք հաստատ չէինք ենթարկվելու եւ պատերազմը շարունակվելու էր»,-ասել է Բորիս Առուշանյանը։

 

Տպել
Ամենաշատ