News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Անգլիայի հանրահայտ Քենթրբերիի տաճարի գունապակիները կարող են զգալիորեն ավելի մեծ լինել, քան ընդունված էր համարել մինչ այժմ։ Նոր վերլուծությունը գունապակիների որոշ պանելներ վերագրում է XII դարակեսին։ Այդ գեղեցիկ պանելները կարող էին լինել տաճարում թագավոր Հենրիխ II-ի հետեւորդների կողմից 1170թ.  արքեպիսկոպոս Թոմաս Բեքեթի սպանության համր վկաները, տեղեկացնում է Planet- today-ը։

Պանելները, որոնք տեղադրված են տաճարի մուտքերից մեկի վրա, պատկերում են Քրիստոսի նախնիներին, եւ ավելի վաղ համարվում էր, որ դրանք պատրաստել են 13-րդ դարի արհեստավորները։ Բայց եթե վերանայված տարեթիվը ճիշտ լինի, ապա դա կվկայի, որ դրանք գունավոր ապակու ամենավաղ նմուշներն են աշխարհում։ Բացի այդ, դա թույլ է տալիս վերականգնել կառույցի պատմության մի մասը, որը վաղուց համարում էին կորսված։ Մինչ այդ կարծում էին, թե  այդ վաղ շինության գեղարվեստական ժառանգությունից ոչինչ չի պահպանվել՝ բացի քարի տաշվածքի մի քանի կտորներից, բայց հիմա պարզվում է, որ գունապակիները նույնպես վերաբերում են այդ ժամանակին։

Հենրիխ II-ը սկզբում Բեքեթին նշանակել էր իր կանցլեր, իսկ 1162թ.՝ Քենթրբերիի արքեպիսկոպոս՝ հույս ունենալով, որ անգլիկան եկեղեցին կհայտնվի միապետության մեծ հսկողության ներքո։ Բայց Բեքեթը սկսեց գործել հակառակ նրա մտադրությունների։ Մասնավորապես, նա փորձեց ուժեղացնել արքեպիսկոպոսության ազդեցությունը՝ վերադարձնելով խլված եկեղեցապատկան հողերը եւ վերականգնելով եկեղեցու իրավադատությունը հոգեւորականների հանդեպ։ Ավելին՝ նա բանադրեց Հենրիխի մի շարք նախարարների եւ խորհրդականների եւ անգամ սկսեց սպառնալ թագավորին եկեղեցական պատիժներով։ Կարծիք կա, որ այն բանից հետո, երբ Հենրիխը հարցրել է. «Ոչ ոք չի՞ ազատի ինձ այդ անհանգիստ հոգեւորականից», չորս ասպետ մեկնել է Քենթրբերի եւ 1170թ. դեկտեմբերի 29-ին սպանել Բեքեթին։

Դեռեւս 1980-ական թթ. արվեստագետ Մեդլին Քեւինեսը կասկածի տակ էր դրել Քենթրբերիի «Քրիստոսի նախնիները» կտավի տարեթիվը՝ նշելով նկատելի ոճական տարբերությունները։ Սակայն ավելի մանրազնին ուսումնասիրություն կատարելու համար պետք էր անհանգստացնել այդ փխրուն արվեստի գործերին, ինչը խիստ ռիսկային էր թվում։

Եվ ահա հիմա՝ չորս տասնամյակ անց, Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) հետազոտողները մշակել են «windolyser»՝ շարժական սարք, որը ճառագայթն ուղղում է ապակուն՝ ստիպելով ճառագայթ արձակել, որը կարելի է օգտագործել՝ որոշելու համար, թե երբ է այն ստեղծվել, այնպես, ինչպես սպեկտրոմետրիան կարող է որոշել հեռավոր աստղերի կազմությունը։

Դա թույլ տվեց գիտնականներին հավաստիացնել, որ պանելների որոշ հետազոտություններ կարող են թվագրվել 1130 եւ 1160 թվականների միջեւ, այսինքն՝ համենայնդեպս Բեքեթի մահվանից 10 տարի առաջ։

597թ. հիմնադրված Քենթրբերիի տաճարը լիովին վերակառուցվել է 1070 եւ 1077 թվականների միջեւ, իսկ հետո՝ 1170-1220-ական թթ.՝ 1174թ. ավերիչ հրդեհից հետո։ Կարծիք կար, որ գունապակիները տեղադրվել են արդեն հրդեհից հետո, բայց հիմա պարզվում է, որ դրանք արդեն այնտեղ էին հրդեհից շատ ավելի առաջ, իսկ դրանից հետո պահպանվել են վերակառուցման ժամանակ ու ավելացվել վերանորոգված տաճարին։

Ճշտվել է նաեւ որոշ այլ գունապակիների տարեթիվը։ Մասնավորապես, Քենթրբերի մեկնող ուխտագնացների պատկերով պանելը թվագրվում է 1180-ական թթ.՝ մոտավորապես 10 տարի Բեքեթի սպանությունից հետո։ Այս գունապակիներով պատուհանը, որը պատմում է արքեպիսկոպոսի պատմությունը, ժամատան շարքի մի մասն է, որը կառուցվել է նրա պատվին, բայց մինչեւ մեր օրերը տասներկուսից պահպանվել է միայն ութը։ Ավելի վաղ ընդունված էր կարծել, որ այդ գունապակիները պատկանում են վիկտորիանական դարաշրջանին (19-րդ դար), իսկ իրականում պարզվեց, որ դրանք մոտ 800 տարով ավելի մեծ են։

Գիտնականները նշում են, որ միջնադարում գունապակիները շատ մեծ նշանակություն են ունեցել՝ ուսուցանելով անգրագետ բնակչությանը կրոնական պատմություններ։ Այդ գունագեղ պատկերները հորինվել են, որպեսզի դրանք կարդան եւ հիանան այստեղ եկող ուխտագնացները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ