News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով  պայմանավորված, այնպես էլ գույքային և տեխնիկական խնդիրների տեսանկյունից:

Հանդիպման կարևոր քննարկումներից էին նաև ԿԳՄՍՆ-ի սահմանած առաջնահերթությունները, որոնց համաձայն՝ սահմանամերձ համայնքները պետք է առանձնանան մշակութային ակտիվ կյանքով, ինչի նպատակով էլ նախարարությունը պետական աջակցության դրամաշնորհներն առաջնահերթ տրամադրում է այն նախագծերին, որոնք մասամբ կամ ամբողջությամբ իրականացվում են սահմանամերձ համայնքներում: Այդ համատեքստում ընդգծվել է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի հյուրախաղերը Սյունիքում և Արցախում, ինչը դրական մեծ արձագանք է գտել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն մայրաքաղաքի երիտասարդ ռեժիսորների գործուղման հարցին՝ նոր բեմադրություններ իրականացնելու նպատակով: Այնուհետև քննարկվել են թատրոնի փոքր դահլիճի վերազինման, այդ թվում՝ նաև լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Նշենք, որ թատրոնի փոքր դահլիճը հիմնականում ծառայում է մանկապատանեկան ներկայացումների և միջոցառումների համար, որոնք նպաստում են երեխաների ներգրավվածությանը մշակութային կյանքին և գեղագիտական կրթությանը:   

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին նվիրված՝ հուլիսի 27-28-ին համերգներով

հանդես կգա Կապանում և Գորիսում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգներին մասնակցելու են «Վահագն Հայրապետյան» տրիոն (Վահագն Հայրապետյան, դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան, հարվածային գործիքներ, Մակար Նովիկով, կոնտրաբաս,

մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Սոֆյա Սայադյան (սոպրոնո), Դանիել Մելքոնյան (շեփոր)):

Կարևորելով սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի անհրաժեշտությունը՝ հուլիսի 28-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը  «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարների հետ կայցելի Հին Խնձորեսկ և Հին Խոտ գյուղատեղիներ՝ քննարկելու ներդրումային ծրագրերին առնչվող հարցերն ու հեռանկարները:

Տպել
Ամենաշատ