News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը համարվող՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն, հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանն ու Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն անդրադարձել են նախորդ հանդիպման ժամանակ ունեցած քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ ափսոսանքով արձանագրելով, որ համավարակն իր ազդեցությունն է թողել նաև տարբեր ծրագրերի իրականացման վրա:

Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ կողմերն առանձնացրել են գիտության, հատկապես՝ ֆիզիկամաթեմատիկական բնագավառում գործակցությունը, անդրադարձել Հայաստանում Mitsubishi Heavy Industries -ի առաջատար տեխնոլոգիաների ու փորձի կիրառման հնարավորություններին։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության ընթացքը՝ նշելով, որ լինելով ապագային միտված ծրագիր՝ այն կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման վրա, և ուրախ կլինի գործընկերների թվում տեսնել նաև ճապոնական տեխնոլոգիական հսկային: «Աշխարհը փոխվում է, և կարծում եմ՝ աշխարհի առաջատար ուժը լինելու են տեխնոլոգիաները, գաղափարները, մաթեմատիկան, և հենց այստեղ պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ջանքերը,-ասել է նախագահը: -Մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխություններին: Եթե չփոխվենք, ապա կմնանք հետևում: Ես ցանկանում եմ Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր տեսնել»:

Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահն ընդգծել է, որ իրենց ընկերությունը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցությամբ: Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի հետ առաջին հանդիպումից հետո Հայաստան ծրագրված այցը չի կայացել համավարակի պատճառով, և մոտ ապագայում նախատեսում են այցելել Հայաստան՝ տեղում առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար։

Mitsubishi Heavy Industries-ը աշխարհի առաջատար արդյունաբերական ընկերություններից է, որը մասնագիտացած է մասնավորապես ռազմական և ուղևորափոխադրող ինքնաթիռների, տիեզերանավերի շարժիչների, տիեզերակայանների սարքավորումների, ուղևորափոխադրող և բեռնափոխադրող նավերի, սուզանավերի, հետազոտական սարքավորումների, ծովային նավիգացիոն համակարգերի, էլեկտրակայանների, կլիմայական սարքավորումների արտադրության մեջ: Ընկերությունն ունի փորձարարական և տեխնիկական հետազոտությունների առաջատար համակարգ, որում ընդգրկված են գիտատեխնիկական հետազոտությունների և գիտահետազոտական կենտրոններ։

Տպել
Ամենաշատ