News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 28
Տեսնել լրահոսը


«Թովմասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ` հուլիսի 27-ին, «Ռիվերսայդ» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը` նվիրված Արցախյան պատերազմում զոհված Հովհաննես Խոդերյանի հիշատակին: Հովհաննեսը մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսին` Թեւանիկին:

Ցուցադրությանը ներկա էին Հովհաննեսի ընտանիքի անդամները, ընկերներն ու «Թեւանիկ» ֆիլմի անձնակազմը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում խոստովանեց` պատերազմից հետո չի կարողանում ֆիլմը դիտել մինչեւ վերջ. ֆիլմի հերոսի ընտրությունը պատահական է եղել, սակայն նկարահանման ընթացքում հասցրել են մտերմանալ ու համատեղ մի շարք հուշեր կերտել.

«Հովհաննեսին ես հանդիպել եմ Շուշիում` իմ նախորդ ֆիլմի նկարահանումների ժամանակ, հետո միայն ընթերցել Առնոլդ Աղաբաբովի գրած կարճ ֆիլմի սցենարը: Երբ այն կարդացի, միանգամից մտքիս եկավ այն պատանին, որին պատահական հանդիպել էի Շուշիում»,-նշեց նա:

Ռեժիսորը նաեւ ժպիտով վերհիշեց այն օրը, երբ Հովհաննեսը որոշել էր թողնել նկարահանումները` պատճառաբանելով, թե «դերասանի մասնագիտությունը եկամտաբեր չէ», ինչի արդյունքում որոշել էր դառնալ հովիվ: Բայց ավելի ուշ հասկացել էր` սկսած գործը կիսատ թողնել պետք չէ:

«Պատերազմից հետո երբեք չի եղել, որ ֆիլմը նայեմ մինչեւ վերջ: Չեմ կարողանում նայել, որովհետեւ դառնացած եմ, որ մենք հասանք այս օրին: Երբ ես նկարում էի «Թեւանիկը», մենք ունեինք մեր բոլոր սահմանները, այլ հոգեկերթվածք ունեինք, մեր երիտասարդները ողջ էին, այլ ապագա ունեինք: Հիմա փորձում ենք կռիվ տալ` հանուն ապագայի: Պետք է այսուհետ էլ ավելի ինստենսիվ աշխատենք, որ կարողանաք այս եղելությունը շրջել, որպեսզի ապագա ունենանք»,-հավելեց Ջիվան Ավետիսյանը:

Հովհաննեսն ազնիվ էր ու կյանքում չէր խաղում՝ պատմում է հերոսի քույրը՝ Նելլի Խոդերյանը: Նրա խոսքով՝ այն կերպարը, որը կա «Թեւանիկ»-ում հենց իրական Հովհաննեսն է: Ֆիլմն անգնահատելի հուշ է մնացել Հովհաննեսի ընտանիքի անդամների ու հարազատների համար. ամեն շաբաթ հավաքվում են ու դիտում, որպեսզի փարատեն կարոտը.

«Հովհաննեսն ինձ համար միայն եղբայր չի եղել, ես նրա երկրորդ մայրն եմ եղել... Շատ կարոտում եմ, բայց այսօր հպարտ եմ, որ ունեմ նրան, ինքը իմ հոգում չի մահացել, ինքը հերոս է ու ապրում է իմ սրտում, մայրիկիս ու հարազատներիս սրտերում: Նրա մասին հիշողություններով ենք ապրում»:

«Թեւանիկի» ցուցադրությանը զուգընթաց «Թովմասյան» հիմնադրամի` «Ապագայի Արցախը» ծրագրի շրջանակում երեկ կայացավ արցախցի փոքրիկ նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք.

«Ցավոք` 2020 թ-ի սեպտեմբերից հետո մեր իրակնությունը փոխվեց, եւ մենք, ուղղակի, անզոր ենք դրան անտարբեր մնալ: Այսօր կազմակերպել ենք «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունը` նվիրված պատերազմում անմահացած մեր հերոս Հովհաննես Խոդերյանի հիշատակին: Նաեւ վաճառքի են հանվել արցախցի մանուկների նկարած կտավները, որոնցից ստացված ողջ գումարն ուղղվելու է Արցախում մշակութային ու կրթական ծրագրեր անցկացնելուն»,-անդրադառնալով նախաձեռնության նպատակին` նշեց «Թովմասյան» հիմնադրամի գործառնությունների տնօրեն Նանե Ավետիսյանը:

Հիմնադրամի նախաձեռնած նախորդ միջոցառումը նվիրված էր պատերազմում անմահացած նկարիչ Գոռ Ավետիքյանի հիշատակին. ցուցադրված էին Գոռի եւ պատերազմում հերոսացած այլ զինվորների կտավները, որոնց վաճառքից ստացված ողջ գումարն ուղղվել է զինվորների առողջապահական ծախսերին:

«Զինվորներին ընգրկող ծրագրերը շատ են, եւ լինելու են շարունակական»,-ընդգծեց Նանեն:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը Արցախյան  ազատամարտի մասին է: Այն էկրաններ է բարձրացել 2014 թ-ին եւ ներկայացնում է 14 տարեկան 3 պատանիների` Արամի, Աստղիկի ու Թեւանիկի պատմությունները, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց միտքը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն. Մուտքն ազատ է
Հայ հանդիսատեսի համար ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է...
Մահացել է Ժան-Պոլ Բելմոնդոն
Նա 88 տարեկան էր․․․
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով. ԿԳՄՍՆ
Փառատոնը կիրականացվի Երևանում, ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում...
Պատմության մեջ առաջին անգամ ֆիլմերի մատակարարը Facebook-ը կօգտագործի պրեմիերայի համար
Facebook-ում ֆիլմերի տարածումը կարող է նվազեցնել բովանդակության բաշխման խոչընդոտը կինոգործիչների եւ ոչ մեծ ստուդիաների համար․․․
Կառավարությունը 36,8 մլն դրամ է տրամադրել «Ոսկե Ծիրանի» փառատոնի կազմակերպման համար
Միջոցառման նպատակն է՝ հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային...
Հայաստանն առաջին անգամ առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային
Marche' du Film կայքում տեղադրված հայկական առցանց էջը (տաղավար) ակտիվ հղմամբ կապված է կինոկենտրոնի կայքին և CINANDO հարթակին...
Ամենաշատ