News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։

Մասնավորապես, մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի եւ Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաեւ Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների եւ բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի եւ սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները եւ այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների հետ:

Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները եւ դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

Տպել
Ամենաշատ