News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կրկնակի բարձրացնելու վերաբերյալ նախագիծն այս պատերազմական վիճակում, այսքան հրատապ, արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Աշխատակիցները 2 տարուց ավել սպասում էին այս բարձրացմանը, մեկ ամիս էլ կսպասեին, որ նախագիծը գար հաջորդ հերթական նիստի օրակարգ: Դուք հրատապ բերել եք նախագիծը, որը մեղմ ասած բարոյական չի Հայաստանում տիրող իրավիճակի առաջ: Թաղապետի 400 հազար դրամ աշխատավարձը դառնում է 800 հազար, ո՞ր արժանիքի համար: Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը բարձրանում է 100-ից ավել տոկոսով, իսկ սովորական աշխատողներինը գուցե 30 տոկոսով:  Արդյոք վարչական շրջանի ղեկավարը ավելի շատ աշխատանք է անում, քան քաղաքապետարանի սովորական վարչության պետը: Արդյո՞ք արդար է օրուգիշեր քրտնաջան աշխատող վարչության պետի ու վարչական շրջանի ղեկավարի դեպքում: Նորից կրկնեմ՝ ինչո՞ւ այսքան հրատապ, արտահերթ նիստով, ի՞նչ է տալու սա Երեւանի քաղաքացուն»,-ասաց նա:

Ի պատասխան նախագիծը ներկայացնող Լեւոն Հովհաննիսյանն ասաց. «հերթական նիստերի ժամանակ օրակարգում լինում է առնվազն 10 հարց, եւ կարծում եմ, որ նման նախագիծ, որը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում, կամ ֆոնդի վերաբաշխում, պարտադիր պետք է առանձին նիստով քննարկվի, որպեսզի ունենանք բավական ժամանակ բոլոր հարցերին պատասխանելու համար»: Նա նկատեց, որ ավագանու անդամների աշխատավարձերը չեն ավելանում, ավելանում են միայն քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը:

«Դեռեւս 2019 թվականին «Լույս» դաշինքը, չգիտեմ, թե ինչ կարգավիճակ ունի այն այսօր, առաջարկեց, որպեսզի բոլոր աշխատավարձերը բարձրանան 30 տոկոսով: Նույն ձեր գործընկերներն առաջարկում էին, որ պարգեւատրման ֆոնդը տեղափոխվի աշխատավարձ եւ տեղի ունենա բարձրացում»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ որքան հիշում է «Լույս» խմբակցությունը եւս ժամանակին կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, որտեղ նախատեսվել է պարգեւատրման ֆոնդ:

Ի պատասխան Անի Խաչատրյանը նախ հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկել բյուջեի նախագծին, ապա հավելեց. «Մեր խմբակցության ֆորմատը նույնն է, ինչ որ ձերը՝ «Իմ քայլը» դաշինք գոյություն չունի: Մենք չենք տարբերվում: Ինչպես մի անգամ այստեղ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ասաց՝ մնացել եք անտեր, ձեր նման անտեր... նույն կարգավիճակում ենք: «Լույս» խմբակցության առաջարկածով բոլորի աշխատավարձը հավասարաչափ պետք է բարձրանար՝ 30 տոկոսով: Ես նախագծին կողմ եմ քվեարկելու, այո, մաքրուհիների, սովորական աշխատողների աշխատավարձները բարձրանալու համար, այլ ոչ թե իշխող խմբակցության գրպանն ուռի»:

Տպել
Ամենաշատ