News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Փրոջեքթ Հարմոնի» ամերիկյան կազմակերպության հայկական մասնաճյուղը կնքել են համագործակցության հուշագիր:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի միջոցով երկու կառույցների գործընկերային ջանքերը և ռեսուրսները կուղղվեն «Տավուշում կրթական-տեղեկատվական միջոցառումներ» և «Անգլերենի դասընթացներ հայաստանցի ուսուցիչների և աշակերտների համար» կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հանրապետության հանրակրթական դպրոցների ավելի քան 300 աշակերտի և 110 ուսուցչի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպությունը:

Նշված ծրագրերի շրջանակում անգլերենի տարբեր թեմատիկ ու մասնագիտական դասընթացների, մշակութային, տեղեկատվական նախաձեռնությունների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ, տեխնիկական և սոցիալական հմտություններ, կդառնան առավել մրցունակ, իրազեկ սովորողներ և մասնագետներ, իսկ իրենց հանրային կյանքում՝ ակտիվ քաղաքացիներ։

«Փրոջեքթ Հարմոնի» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունն ունի 35 տարվա պատմություն, իսկ Հայաստանում այն գործում է 2000 թվականից։ Ներկայում կազմակերպությունը, բացի Հայաստանից, մասնաճյուղեր ունի նաև Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բոսնիա և Հերցեգովինայում: Մեր երկրում հիմնման օրվանից ի վեր կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ակտիվ գործընկերն է, իրականացվել են բազմաթիվ համատեղ ծրագրեր. այսպես՝ ստեղծվել է 330 դպրոցից կազմված հանրակրթական առաջին ներքին ցանցը, դպրոցների կառավարման և ուսումնական գործընթացներում ներդրվել են ՏՀՏ արդյունավետ մեխանիզմներ, մշակվել են վերապատրաստման բազմաթիվ ձեռնարկներ, կազմակերպվել են ներհանրապետական և միջազգային մեծածավալ վերապատրաստումներ, մասնագիտական և մշակութային փորձի փոխանակման միջազգային ծրագրեր դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների համար, ինչպես նաև ներդրվել են վերականգնողական արդարադատության յուրահատուկ մոդելներ անչափահաս իրավախախտների համար:

Տպել
Ամենաշատ