News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել ծանր վիրավորանքները։ Այս մասին ՀՀ հեռացող Ազգային ժողովի արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հուլիսի 30-ին հայտարարեց պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրության համաձայն, մարդու իրավունքների հիմքը մարդկային արժանապատվությունն է։ «Շատ տարիներ առաջ Հայաստանը ապաքրեականացրեց վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը, եւ դա ճիշտ որոշում էր։ Բայց անհրաժեշտ է տարբերել  վիրավորանքներն ու հայհոյանքները, ինչպես նաեւ մարդկային արժանապատվության վիրավորումը չափազանց անպարկեշտ ձեւով»,- ասաց Վարդանյանը։ Նա նաեւ նշեց, որ հայհոյանքները Հայաստանում միշտ պատժելի են եղել։ Այլ հարց է՝ կթողնի՞ արդյոք պետությունը քաղաքացուն մենակ, այսպես ասած, այդ խնդրին դեմ հանդիման, թե՞ նման փոխհարաբերություններն, այնուամենայնիվ, կկարգավորվեն օրենքով։ Վարդանյանն ընդգծեց, որ հատկապես վտանգավոր է դարձել «դիստանցիոն» վիրավորանքը, սոցցանցերի միջոցով։ Դա, խորհրդարանականի կարծիքով, դառնում է ապագա քրեական դրսեւորումների պատճառ։

Նա նշեց, որ  լրացումները բաղկացած են 3 մասից, եւ միայն երրորդ մասն է ենթադրում ձերբակալություն որպես ծայրահեղ միջոց։ Իսկ մնացած դեպքերում խոսքը տուգանքների մասին է։ «Նպատակն, առաջին հերթին, պատասխանատվության չենթարկել անձանց, ովքեր օգտագործել են նման հայհոյանքներ, այլ իրականացնել կանխարգելիչ գործառույթներ։ Հայհոյանքները պետք է արմատախիլ անել մեր հասարակության բառապաշարից»,- ասաց պատգամավորը։

Համաձայն օրենսդրական նախաձեռնության՝ անձին վիրավորանքներ հասցնելը կպատժվի 100-500 հազար դրամ տուգանքով։ Ընդ որում՝ վիրավորանք պարունակող նյութերի տարածումը՝ տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ այլ հանրային միջոցով, ինչպես նաեւ որոշակի հանրային գործունեության կատարման հետ կապված՝ կտուգանվի 500 հազարից մինչեւ 1 մլն դրամով։ Իսկ եթե վիրավորանքները հնչում են պարբերաբար միեւնույն անձի հանդեպ, ապա տուգանքը, համաձայն օրենսդրական նախաձեռնության, կկազմի 1-3 մլն դրամ։ Այդ դեպքում նախատեսված է ձերբակալություն մեկից երեք ամսով։  Նույն դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին քննադատեց գործընկերոջ օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչպես են դատավորները տարբերելու թեթեւ վիրավորանքն ու հայհոյանքը ծանրից։

«Եթե խոսքը  սեռական բնույթի հայհոյանքների մասին է, ապա դա նախագծում չի ներկայացված»,- նկատել է Բաղդասարյանը։

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նկատեց, որ ամենամեծ պաշտպանություն կստանան այն մարդիկ, ովքեր իրականացնում են լրագրողական, հասարակական, քաղաքական եւ իրավապաշտպան գործունեություն։

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մտահոգություն հայտնեց, որ նոր օրենքը քաղաքական հետապնդման գործիք կդառնա, քանի որ հայհոյանքների գնահատականները կամ քննադատությունները կարող են բավական սուբյեկտիվ լինել։ Փոխնախարարն ի պատասխան նշեց, որ խոսքն ավելի շատ անցենզուր հայհոյանքների մասին է, այլ ոչ թե քննադատության։ Հեղինակներն, ըստ նրա, փորձել են առավելագույն չափով բացառել սուբյեկտիվ մոտեցումը, իսկ խորհրդարանը, իր հերթին, կարող է մոնիթորինգ անցկացնել եւ, անհրաժեշտության դեպքում,  ինչ-որ փոփոխություններ մտցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ