News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ այսօրվանից դադարեցնում եմ իմ պարտականությունները Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դավիթ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2019 թվականի հունվարից սկսած ԱԺ նախագահի աշխատակազմում ստանձնել եմ խորհրդարանի ինստիտուցիոնալ կարիքների ուժեղացմանն ուղղված մի շարք ծրագրերի համակարգումը։ Արված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ այսօր եւ մոտ օրերին հանդես կգամ մի քանի հաշվետվությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի աշխատակազմի իմ բոլոր ընկերներին։ Ձեզ հետ բազում լավ եւ դժվար օրեր ենք անցկացրել՝ վիճել, նեղացել, ուրախացել, տոնել, տխրել, բայց մի բան ակնհայտ է՝ այն ընտանիքը, աշխատանքային փոխհարաբերություններն ու արդյունավետ աշխատանքը, որ դուք իրականացնում եք ապահովում է Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության ողնաշարի ամրությունը։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին, ում հետ բախտ է վիճակվել աշխատել Հայաստանի Հանրապետության պատմության ամենաբարդ եւ դժվար ժամանակահատվածում։ Անկախ խմբակցությունից, շատերիդ հետ գործընկերային եւ մտերիմ հարաբերություններ են ձեւավորվել, որը թույլ է տվել 7-րդ գումարման ընթացքում ապահովել արդյունավետ աշխատանք։

Ձեր մեծ մասը իր աշխատանքով, շատ դեպքերում չերեւացող, ապացուցել եք, որ իրավունք ունեք կոչվել ժողովրդական պատգամավոր։ Ուրախ եմ շատերիդ ճանաչել եւ աշխատել Ձեզ հետ։

Շնորհակալություն եմ հայտնում պետական բոլոր այլ գերատեսչություններին, ում հետ աշխատել ենք օր ու գիշեր, հանուն Հայաստանի Հանրապետության։ Կառավարության, ԱԳՆ, ԱԻՆ, Արդարադատության, Առողջապահության, Ոստիկանության, ԱԱԾ, ԱԽ, Տարածքային կառավարման, ՏԻՄ, Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ, Առաջին ալիքի եւ մյուս գերատեսչությունների բոլոր գործընկերներին՝ շնորհակալություն։

Շնորհակալություն եմ հայտնում միջազգային գործընկերներին, ում հետ իրականացրել ենք ԱԺ կարողությունների ուժեղացմանն ուղված մի շարք ծրագրեր։ Այդ ծրագրերը շարունակվելու եւ ավարտին են հասցվելու անկասկած։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Միշտ զգացել ենք Ձեր շունչը եւ վերահսկողությունը, չենք նեղացել քննադատությունից, կազմակերպել բազմաթիվ արդյունավետ քննարկումներ։

Ներողություն եմ խնդրում սխալների եւ բացթողումների համար, չիրականացված ծրագրերի եւ անավարտ նախաձեռնությունների համար, բայց ուզում եմ վստահ լինեք, որ մշտապես աշխատանքիս մոտեցել եմ պատասխանատվությամբ եւ պետական շահի գիտակցությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին վստահության համար, ինչպես նաեւ ԱԺ նախագահի աշխատակազմի գործընկերներիս՝ արդյունավետ աշխատանքի եւ լավ ընկերության համար

Հաջողություն եմ մաղթում 8-րդ գումարման խորհրդարանին, խորհրդարանի խոսնակի նոր աշխատակազմին մաղթում բարեբեր աշխատանք։

Շուտով կհանդիպենք։

Տպել
Ամենաշատ