News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետերի թեկնածուներին: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը:

1994թ.-ից աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում` որպես վրաց լեզվի ուսուցիչ, 2008 – 2009 թթ. նույն դպրոցի տնօրենն է եղել։ 2009-2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն է եղել:

2014 թվականից եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր: Տիրապետում է հայերենին, վրացերենին և ռուսերենին: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

2017 թվականից Անիվարդ Մոսոյանը զբաղեցնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը: Ավելի վաղ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին:

Քաղաքապետի պաշտոնի համար իշխող կուսակցությունից կպայքարի Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող պատգամավոր Մելքոն Մակարյանը:

Տպել
Ամենաշատ