News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում հանուն պետականության պահպանման անհրաժեշտ է հաղթահարել առկա պառակտումը: Այս մասին օգոստոսի 2 -ին 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան մտած քաղաքական ուժերը հնարավորություն ունեն ապագային ուղղված ռազմավարական ծրագրեր մշակել եւ ապա իրականացնել: «Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են, որ առկա խնդիրների լուծումներ կգտնվեն եւ կամք կցուցաբերվի երկիրը զարգացման ռելսերի վրա դնելու համար: Այդ ապագան պետք է ձեւավորվի ուժեղ, հավասարակշռված եւ առաջադեմ երկրի շուրջ»,- ասել է Սարգսյանը:

Նա նաեւ նշել է, որ ապագան մեկ ուժի կամ կուսակցության շահերը չեն, քանի որ վերաբերում է բոլորին, այդ թվում՝ երեխաներին: «Դա նաեւ պարտք է նրանց առջեւ, ովքեր պայքարել են անկախ պետության ստեղծման համար: Մենք պետք է խորապես հասկանանք եւ գնահատենք մեր պետականության միջազգայնորեն ճանաչված փաստը: Ամեն ինչ պետք է արվի՝ մեր պետականության՝ որպես ամենակարեւոր ազգային արժեք պաշտպանության եւ պահպանության համար»,- ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պետք է լինել ազնիվ ու պատասխանատու: Ընդ որում, նա նշեց, որ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան եւ պոպուլիզմը երկիրը տանում են փակուղի:

Նախագահի խոսքով՝ պետք է ազնվորեն եւ ուղղակիորեն խոսել առկա խնդիրների մասին, սթափ եւ սառը գնահատել սեփական իրական հնարավորությունները, ընդունել սեփական սխալներն ու թերությունները, ինչպես նաեւ՝ պատասխան տալ դրանց համար:

«Ժամանակն է ունենալ պետություն, որը պատասխանատվությամբ կկատարի իր հիմնական գործառույթները՝ բնակչության եւ սահմանների անվտանգության ապահովում, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանություն, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում, տնտեսության, մշակույթի եւ գիտության զարգացում, բարեկեցության արժանապատիվ մակարդակի ապահովում»,- ասել է Սարգսյանը:

Նախագահն ընդգծեց, որ այսօր առաջնահերթ խնդիրը խորը ճգնաժամից դուրս գալն է: «Ակնհայտ է, որ այս համատեքստում առաջնային խնդիրը պառակտումը բացառելն է: Ոչ ոք չի կարող թույլ տալ, որ ինչ -որ մեկը ժողովրդին բաժանի ըստ աշխարհաքաղաքական, քաղաքական կամ որեւէ այլ չափանիշի»,- ասաց Սարգսյանը:

Յուրաքանչյուրը, նրա կարծիքով, պետք է որպես նպատակ դնի պետականության պաշտպանությունն ու զարգացումը: Իսկ պառակտումն ու ներքին թշնամանքը միայն շեղում են այդ նպատակից եւ խաթարում են պետականության հիմքերը: «Իսկ Հայաստանի հակառակորդներին ու թշնամիներին մնում է միայն հետեւել, թե ինչպես են երկիրը թուլացնում ներսից: Պետք է ինքներդ ձեզ հարցնեք, թե որն է ավելի կարեւոր՝ «ներքին պատերազմները», թե՞ սերը հայրենիքի նկատմամբ, որը պահանջում է զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի: Պետք է հիշել, որ մեր անվտանգության երաշխիքը մեր միասնության մեջ է»,- ասել է նախագահը:

Ընդ որում, նա կարծում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի սփյուռքը որպես դրամապանակ ընկալել եւ հնարավորություն տա մասնակցելու երկրի ճակատագրի որոշմանը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում մարդիկ սովոր են հպարտանալ Սփյուռքի աշխարհահռչակ հայերի ձեռքբերումներով, սակայն չեն օգտագործում դրա ներուժը: «Պարադոքսալ իրավիճակ է, երբ հայերի հսկայական ներուժից հիմնականում օգտվում է աշխարհը, բայց՝ ոչ Հայաստանը: Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ՝ դրա քաղաքական եւ ազգային ինքնության ամենակարեւոր մասը»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա նաեւ նշել է, որ հայերն իրավունք ունեն ազդելու իրենց հայրենիքի ճակատագրի վրա: «Հայաստանն ու Սփյուռքը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են: Այս փաստն այլեւս չի կարելի անտեսել, եկել է քաղաքական կամքի եւ անհրաժեշտ իրավական մեխանիզմների ամրապնդման ժամանակը: Մեխանիզմներ, որոնք թույլ կտան սփյուռքին օգտակար լինել Հայաստանին եւ Ղարաբաղին: Իրենց գիտելիքներով, պրոֆեսիոնալիզմով եւ փորձով: Միեւնույն ժամանակ, բոլոր հայերը Հայաստանը պետք է որպես հենման միակ կետ ընկալեն»,- վստահ է Արմեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ