News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին զեկուցել են, որ դատարաններում գործերի մակագրման ավտոմատ համակարգը դրսից միջամտության հնարավորություն ունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԱԾ-ն առգրավել է դատարանների էլեկտրոնային եղանակով գործերը մուտքագրող ու մակագրող համակարգիչը:

Նշենք, որ ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել գործերը մուտքագրելու ու մակագրելու ծրագրին արտաքին միջամտության փաստով:

Ջհանգիրյանը վստահեցրեց՝ ԱԱԾ-ն ամեն բան արել է օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Նրա խոսքով, բազմաթիվ դատավորներից գործերի ավտոմատ մակագրման համակարգի հանդեպ դժգոհություններ է լսել, անգամ՝ զեկուցագրեր ստացել. «Գիտեք, այդ քրեական գործի հարուցումը մեզ բավականին արտառոց վիճակի մեջ դրեց, որովհետև հուլիսի 21-ին մենք այդ գործի նախաքննության նկատմամբ հսկող դատախազից ստացանք իրազեկում՝ մեր դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, և այդպիսի իրազեկումներ ստացել էին նաև այն բոլոր դատարանների նախագահները, որոնցում կատարված քննչական գործողությունների արդյունքում այդ համակարգը դադարեց գործել:

Ուզում եմ ասել՝ օրենքի տառը և ոգին պահպանված էր այդ քրեական գործի հարուցման և քննության այս անցած ժամանակահատվածում: Եվ մենք ստացանք նաև այդ բոլոր դատարանների նախագահների զեկուցագրերը, որ այդ առգրավման արդյունքում խափանվել է գործերի ավտոմատ մուտքագրման և մակագրման այդ համակարգը, իսկ մեր օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, 45-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն այդ պարագաներում դատարանի նախագահներին պարտավորեցնում է այդ մակագրումները կատարել ձեռքով՝ մինչև այդ խնդրի կարգավորումը»,-հայտարարեց Ջհանգիրյանը:

Նա ընդգծեց, որ ԲԴԽ-ն նիստ է գումարել՝ հուլիսի 22-ին եւ հաղորդագրություն տարածել, դատարանի նախագահներին հորդորել կատարել ձեռքով այդ մակագրումները, մինչև կարողանան այդ ավտոմատ մակագրման համակարգը վերականգնել:

«Ես ընդունել եմ ԱԱԾ քննչական դատական  դեպարտամենտի ղեկավարին և փորձել եմ պարզաբանումներ ստանալ, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ այդ ավտոմատ համակարգը նորից վերադարձնելու և այդ գործընթացը վերսկսելու համար: Իրենք ինձ հայտնել են, որ կատարում են քննչական գործողություններ, նշանակվելու է փորձաքննություն՝ համապատասխան ոլորտի, որովհետև իրենք, այսպես ասեմ, ոչ միայն կասկածներ ունեն, որ արհեստական միջամտության դեպքեր կան, այլ ասեցին, որ նաև այդպիսի ապացույցներ ունեն կոնկրետ գործերով, հետևաբար՝ այդ խնդիրը պետք է դառնա նախաքննական լուրջ քննության առարկա: Այնպես որ, ես այսօր չեմ կարող ասել, թե դա ինչքան կտևի»,-ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակտարը:

Նա հավելեց, որ այդ ավտոմատ ծրագրից դժգոհությունները շատ-շատ են. «Ինձ զեկուցվել է, որ այդ ծրագիրն իր մեջ հնարավորություն է նախատեսում՝ ծրագրային մակարդակով, դրսից միջամտության համար, ինչը ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլ նաև խիստ ռիսկային ու քրեորեն պատժելի, եթե ծրագիրը ի սկզբանե իր մեջ հնարավորություն է նախատեսում դրսից արհեստական միջամտության: Թե միջամտողն ով կլինի՝ այդ ծրագրի մշակման հեղինա՞կը, թե՞ այդ ծրագիրը շահագործողները, սպասարկողները, դա ես չեմ կարող ասել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի փոխանցմամբ այժմ չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության և Վարչական առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանների գործերի ավտոմատ մուտքագրման և մակագրման համակարգը:

Դիտրկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների ավտոմատ մակագրում կատարող համակարգչի առգրավման նպատակը Սյունիքի համայնքապետերի վերաբերյալ վերաքննիչ բողոքների մակագրությունն առանց համակարգչի կազմակերպելն է եղել, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ասաց, որ այդտեղ ոչ մի պատճառահետևանքային կապ չկա. «Ժամանակային առումով գուցե համընկել է այդ գործերի հետ, դրանց հետ են կապում: Համընկներ մեկ այլ գործերի հետ, դրանց հետ պետք է կապեին: Ես չեմ կարող ասել, թե դատարանի նախագահը որ սրտի ուզածին ինչ է մակագրում: Ավելին, դա մակագրվում է ԲԴԽ որոշման համաձայն, որով պետք է հաշվի առնեն թե՛ դատավորների սահմանափակումները, օրինակ, ենթադրենք, ԲԴԽ անդամ-դատավորներն ունեն որոշակի տոկոս սահմանափակման, նրանք պետք է այդ տոկոսը պահպանեն, օրինակ, ապօրինի գույքի այդ հայցերը պետք է մակագրվեն հատուկ սահմանված դատավորներին, ենթադրենք՝ հանցագործներին հանձնելու այդ դիմումները քննում են որոշակի դատավորներ: Այդ բոլորը նախապես սահմանված է, և նրանք պետք է այդ մակագրությունները կատարեն՝ հաշվի առնելով այդ բոլոր սահմանափակումները:

Ավելին, նրանք նաև մակագրությունը կատարում են այբբենական հերթականությամբ, դատարանի դատավորների այբբենական հերթականությամբ: Եվ այստեղ մի դրական բան եմ տեսնում, որ նրանք կարող են այդ ծանրաբեռնվածության անհավասարությունը, որը եղել է ավտոմատ մակագրման համակարգում, հիմա ինչ-որ չափով հարթեցնեն, մոտեցնեն իրար, որ մի դատավորը, ասենք, 3 անգամ ավելի շատ գործերով կամ հայցերով կամ մինչդատական վարույթի նյութերով ծանրաբեռնված չլինի, մյուսը՝ 2 անգամ ավելի քիչ:

Այստեղ նաև այդ ծրագրի ոչ արդարության խնդիրը կա, բայց նաև մի այսպիսի հնար են օգտագործել նախագահների սրտի ուզած դատավորները՝ կարճաժամկետ մեկնել են արձակուրդի: Ասենք՝ եկել է ինչ-որ քանակ գործեր, իրենք 3 օրով, 5 օրով գնացել են արձակուրդ, այդ գործերը բաշխվել են մնացածի միջև, իրենք վերադարձել են: Հայտնվել են իրենք շահեկան վիճակում: Հիմա, ըստ էության, մենք այդ պրակտիկան հանձնարարել ենք դադարեցնել, որպեսզի որևէ դատավոր 3 օրով, 2 օրով, 5 օրով արձակուրդ չգնա: Ըստ էության, գնում են արձակուրդ՝ իրենց արձակուրդը բաժանելով երկու մասի՝ մի մասն այս ամառային և աշնանային շրջանում, մյուս մասը՝ ձմեռային և գարնանային շրջանում, և այդ գրաֆիկը խնդրել ենք պահպանել, որպեսզի այդ անհավասարությունը չստեղծվի»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ