
Քաբուլում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները թալիբներին մեղադրել են Աֆղանստանի հարավում ռազմական հանցագործությունների մեջ` վրեժ լուծելու նպատակով խաղաղ բնակիչների սպանության կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը Twitter-ում հրապարակել է հայտարարություն, որում թալիբները մեղադրվում են Քանդահար հարավային նահանգի Սպին-Բոլդակ շրջանում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ: Twitter-ում հայտարարություն տեղադրվել է նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից:
«Այս սպանությունները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել. դրանք պետք է հետաքննվեն, իսկ մեղավոր զինյալները կամ թալիբների հրամանատարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է ԱՄՆ դեսպանատունը:
Երկրորդ թվիթում ասվում է, որ ««Թալիբան»-ի ղեկավարությունը պետք է պատասխան տա իր մարտիկների հանցագործությունների համար»: «Եթե դուք հիմա չեք կարող վերահսկել ձեր զինյալներին, ապա հետագայում անելիք չունեք»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Աֆղանստանը կդառնա «լքյալ պետություն», եթե Աֆղանստանում թալիբների ապագա ցանկացած կառավարում հանգեցնի խաղաղ բնակչության դեմ վայրագությունների:
Անցյալ ամիս թալիբները վերահսկողության տակ են վերցրել Սպին-Բոլդակ ռազմավարական տարածքը, որը գտնվում է Պակիստանի հետ սահմանին, եւ այդ ժամանակվանից կատաղի մարտեր են ընթանում, քանի որ աֆղանական ուժերը փորձում են վերադարձնել այդ շրջանը: