News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ օգոստոսի 4-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ քննարկելու խորհրդարանի շենքում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ընդունված նոր որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես, հանդիպմանը մասնակցած լրագրողները, ովքեր այսուհետ զրկված են լինելու ԱԺ նիստերի դահլիճի օթյակ բարձրանալու, միջանցքներով շրջելու հնարավորությունից, Սիմոնյանին են ներկայացրել իրենց պահանջներն ու մոտեցումներն ու լսել դրանց վերաբերյալ նրա տեսակետը՝ հասկանալու համար սահմանափակումների պատճառը:

Լրագրողները հայտնել են, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և ՀՀ ԱԺ նախագահը նման սահմանափակում մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորել է անվտանգության և աշխատանքի կազմակերպման գործոններով:

Լրագրողներն ի պատասխան նշել են, որ անվտանգությունը պետք է պատշաճ կերպով կազմակերպվի, սակայն դա չպետք է արվի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հաշվին: Մասնավորապես, նրանք դժգոհել են, որ իրենց աշխատանքում դժվարություններ են առաջանում՝ թե՛ հարցազրույցների անցկացման, թե՛ ռեպորտաժների պատրաստման տեսանկյուններից:

Հանդիպման արդյունքները ներկայացնող ԶԼՄ ներկայացուցիչները նշել են, որ Ալեն Սիմոնյանը 3-4 օր ժամանակ է խնդրել իրենց դիտարկումներն ուսումնասիրելու համար, ինչից հետո խոստացել է ավելի լայն քննարկում կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ