News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լիբանանին նվիրված միջազգային համաժողովը ավելի քան 357 միլիոն դոլարի օգնություն է հանգանակել, որն անհրաժեշտ է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից մեկ տարի անց երկրի հումանիտար կարիքները բավարարելու համար, հաղորդում է AP-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ վիրտուալ համաժողովը, որը համատեղ կազմակերպել են Ֆրանսիան եւ ՄԱԿ-ը, կազմակերպվել է Լիբանանի ժողովրդին աջակցությունը ցույց տալու համար: Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան առաջիկա ամիսներին 100 մլն եվրո կտրամադրի: Փարիզը նաեւ երկիր կուղարկի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 500 000 չափաբաժին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել:

Մակրոնի գրասենյակի փոխանցմամբ, համաժողովին մասնակցել են շուրջ 40 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Ըստ Մակրոնի գրասենյակի, օգնությունը հիմնականում կօգտագործվի սննդի, դպրոցների, առողջապահության կարիքները հոգալու եւ ջրամատակարարման ոլորտում:

Լիբանանը կանգնած է իր ժամանակակից պատմության ամենավատ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի առջեւ եւ գտնվում է քաղաքական փակուղու մեջ, որը երկիրը մեկ տարի թողել է առանց գործող կառավարության:

Բայդենն ասել է, որ «ոչ մի արտաքին օգնություն երբեւէ բավարար չի լինի, եթե Լիբանանի առաջնորդները իրենց վրա չվերցնեն տնտեսության բարեփոխման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծանր, բայց անհրաժեշտ աշխատանքը կատարելու պարտավորությունը»:

Լիբանանցի քաղաքական գործիչները միայն վատթարացրեցին իրավիճակը՝ «իրենց անձնական եւ քաղաքական շահերը վեր դասելով լիբանանյան ժողովրդի շահերից»,- ասել է Մակրոնը: «Լիբանանը միանշանակ արժանի է լավագույնին»:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է, որ օրեր առաջ ԵՄ-ն ընդունել է «պատժամիջոցների շրջանակ... Լիբանանում նրանց դեմ, ովքեր խոչընդոտում են քաղաքական ճգնաժամին վերջ դնելու ջանքերին: Հուսով ենք, որ դրանք չենք ակտիվացնի»:

Պայթյունից անմիջապես հետո կազմակերպված Լիբանանի վերաբերյալ անցյալ տարվա համաժողովը հավաքել էր մոտ 280 մլն եվրո:

ՄԱԿ-ի տվյալներով՝ լիբանանցիների կեսից ավելին այժմ աղքատության մեջ է ապրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ