News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ես ասել եմ, թե ընտրվելու դեպքում ինչ սկզբունքներով եւ ուղենիշերով եմ առաջնորդվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում խորհրդարանի լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե իր համար ընդունելի՞ է ԱԺ փոխնախագահ ընտրվել իր խոսքերով ասած, դավաճան, հողատու, թուրքի առաջ ծնկած իշխանության կողմից՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր պատգամավորների ձայները բավարար չեն ԱԺ փոխխոսնակ ընտրվելու համար, նա պատասխանեց. «Սա Ազգային ժողով է, ԱԺ փոխնախագահներից մեկը ըստ Սահմանադրության պետք է լինի ընդդիմությունից: Ես շատ հանգամանորեն բացատրեցի, իսկ մնացած հարցերը պետք է տաք իշխող խմբակցությանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը իշխանության հետ չի քննարկում, թե ԱԺ հանձնաժողովներից որի նախագահները լինեն իշխանությունից, որինը՝ ընդդիմությունից, Սաղաթելյանն արձագանքեց. «Իմիջիայլոց, սա ԱԺ-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի քանի օր է դեռ ԱԺ նախագահությունը եւ հանձնաժողովները ձեւավորված չեն: Մենք ասել ենք, որ այլ պայմաններում գուցե նստեինք, քննարկեինք, բայց այն պարագայում, երբ մեր ընկերները կալանքի տակ են, երբ այս ամբիոնից խոսում են հանդուրժողականության մասին եւ շարունակում են բռնաճնշումները մեր գործընկերների, մեր աջակիցների նկատմամբ, մենք չենք կարող նստել, քննարկել պաշտոնների հարց:

Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, դրա համար գոյություն ունի կանոնակարգ. Իրենք կընտրեն առաջին երկու հանձնաժողովները, երրորդի իրավունքը մերն է: Ըստ իրավիճակի կորոշենք եւ այդ ընտրությունը կկատարենք: Մենք մեր նախընտրությունները ունենք: Այստեղ կապ ունի, թե իրենք որը կորոշեն: Անուններ չեմ նշի, որովհետեւ դեռ չգիտենք, թե ինչ հանձնաժողովներ են մեզ բաժին հասնելու»:

Նա նկատեց, որ ԱԺ 12 հանձնաժողովների երեքը բաժին է հասնում «Հայաստան» դաշինքին, սակայն իրենք պայմանավորվել են, որ այդ երեքից մեկի նախագահը կլինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից. «Սա քաղաքական ժեստ է մեր կողմից մեր քաղաքական գործընկերներին: Դա նաեւ հնարավորություն է, որ ԱԺ խորհրդում «Պատիվ ունեմը» ներկայանա ոչ թե մեկ, այլ երկու ներկայացուցիչով: Ես «Պատիվ ունեմին» համարում եմ մեր բնական դաշնակիցը ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս: Մեր հայտարարած նպատակները շատ մոտ են միմյանց»:

Տպել
Ամենաշատ