News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ չընտրվի, խորհրդարանը կարող է ապալեգիտիմանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ստեղծված ճգնաժամի 3 հնարավոր պատճառ կարող է լինել:

«Տարբերակ առաջին՝ իշխանությունը հայտարարում է, որ կտա բավարար թվով ձայներ, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի փոխնախագահ, բայց չի տալիս այդ ձայները և, այսպես ասած, հաճույք է ստանում դրանից՝ ցույց տալով ընդդիմադիրներին, որ երբ ուզի, կարող է ինչ-որ բան խոստանալ, հետո չանել: Հնարավոր է՝ դա արվի նաև ընդդիմությանը պառակտելու նպատակով. եթե, օրինակ, Իշխան Սաղաթելյանի փոխարեն «Պատիվ ունեմ» խմբակցությունից թեկնածու առաջադրվի, ապա պաշտպանեն այդ թեկնածությունը:

Տեսականորեն կա մեկ այլ տարբերակ՝ ենթադրենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի տալիս բավարար թվով ձայներ, որպեսզի հետո իր թեկնածուին առաջադրի այդ պաշտոնում:

Երրորդ՝ «Հայաստան» դաշինքը, օրինակ, չի տալիս ձայներ, որպեսզի իշխանություններին մեղադրի Դոնթի բանաձևով նախատեսված կարգավորումները խախտելու համար, այն դրույթը, ըստ որի՝ փոխնախագահներից մեկը պետք է պարտադիր լինի ընդդիմության ներկայացուցիչ: Սա իշխանություններին հարվածելու լրացուցիչ առիթ կարող է լինել՝ ցույց տալու համար, որ իշխանությունները խաբում են ամեն հարցում, հասարակության մի մասը կհավատա, քանի որ իշխող ուժը հաճախ մի բան ասել է, մեկ այլ բան՝ արել:

Այսինքն, կա հավանական 3 տարբերակ, թե սրանցից որ մեկն է իրականությանը համապատասխանում, կարող են ասել միայն տվյալ տարբերակի անմիջական մշակողներն ու իրագործողները, հնարավոր չէ հստակ կանխատեսել՝ որ տարբերակի հետ գործ ունենք»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Բադալյանի դիտարկմամբ՝ իրավիճակն այսպես թե այնպես պետք է կարգավորվի, որովհետև ընդդիմադիր փոխնախագահի առկայության դրույթն ամրագրված է:

«Հակառակ դեպքում նոր խորհրդարանը կարող է ապալեգիտիմացվել՝ հաշվի առնելով նաև այն, որ նման գործընթաց արդեն եղել է, երբ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ Հայաստան դաշինքի երկու պատգամավոր, որոնք թեկնածուներ էին, չկարողացան գալ խորհրդարան, հավասարությունը չպահպանվեց: Այդ հարցով ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, և, գուցե, եթե ընդդիմադիր փոխնախագահ չընտրվի, այդ հարցով ևս դիմեն ՍԴ, ինչը ապալեգիտիմացման նոր դրսևորում կլինի»,- ասաց Բադալյանը:

Տպել
Ամենաշատ