News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե օրենք կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում, լրագրող է, թե բժիշկ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժումը եւ մասնագիտական գործունեությունը սահմանափակող որոշմանը։

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ազգային, պետական անվտանգության դեպքում աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ։

«Նաեւ հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը, լինելով լրագրող, ինչեր կարող էր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, եւ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք, դա մեր պետության պաշտպանության հարցն է։ Այլ խնդիր է, որ ես, որպես պաշտոնյա, եւ կարծում եմ՝ մեր բոլոր գործընկերներն ԱԺ-ում, պիտի կարողանանք լրագրողների համար ստեղծել աշխատանքի ամենանպաստավոր պայմանները։ Լսել եմ, որ ԱԺ նախագահը հիմա քննարկում է, մենք էլ պետք է աջակցենք մեր գործընկերներին, որպեսզի լրագրողների համար ստանանք ամենահարմար աշխատանքային պայմանները»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ նման սահմանափակումներ չկային նախկին իշխանությունների օրոք, Անդրեասյանը պատասխանեց. «Եթե կա անվտանգության սպառնալիք՝ ես հաշտ եմ սահմանափակումների հետ։  Բայց դա պետք է արվի այնպես, որ չխանգարի լրագրողների ողջամիտ, հանգիստ աշխատանքը։ Եթե կարող է լինեն որոշակի ազատ շարժի դեպքում վարձկաններ, որոնք կարող են թաքնված լինել լրագրողների կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, ուրեմն՝ ես գտնում եմ, որ պետք է հավատանք անվտանգության մարմիններին»։

Լրագրողները նման համեմատությունից վրդովվեցին. «Ինչո՞ւ եք մեզ տեռորիստի հետ համեմատում»։ «Մի բորբոքվեք»,– ասաց նախարարը եւ հեռացավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ