1990 թվականին ընտրված Գերագույն խորհրդում կար Արցախի հարցով հատուկ հանձնաժողով. Այն ժամանակ Արցախը չուներ ցամաքային կապ Հայաստանի հետ, հիմա կիսատ-պռատ ունի ռուսների լայաղով կարող ենք գնալ-գալ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում Արցախի հարցոմ մշտական հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ 1990-ի Գերագույն խորհրդում այդ հանձնաժողովի նախագահը ՀՅԴ անդամ Սեյրան Բաղդասարյանն էր, իսկ քարտուղարը Սուրեն Զոլյանը, որը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի հայրն է:
«Հիմա ունենք լքված Արցախ: Քարոզարշավի ժամանակ բարձրաձայն չէիք ասում, բայց փսփսում էինք՝ տեսնո՞ւմ եք ձեր երեխեքը Ղարաբաղը չեն զորակոչվում:
Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելը ուղերձ է արցախահայությանը, որ խորհրդարանական մակարդակով առանձնահատուկ վերաբերմունք կա արցախահայությանը: Սա ուղերձ է նաեւ Սփյուռքին, որն ուղղակի թեւաթափ այն ահնցավոր գողության պատճառով, որ տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամում: Ուղերձ է Սփյուռքին, որ Արցախը պետք է վերադառնա համահայկական թիվ մեկ խնդիր կարգավիճակին: Ուղերձ է նաեւ միջազգային հանրությանը»,-ասաց Գեղամ Մանուկյանը: Նա անդրադարձավ նաեւ Շուշին Շուշա ասելուն. «Ռոբերտ Քոչարյանը Շուշա է ասել, լավ է արել: Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Դուշմանը, Ասկոլկեն, շատ-շատերը Շուշին ազատագրել են, ոչ թե ճառեր ասելով Շուշին թուրքին են տվել»:
Նա մեջբերեց ՔՊ-ի պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքը, որտեղ նա նշել է, որ Տավուշի մարզում կան հողեր, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են եւ կան ադրբեջանական հողեր, որոնք հայկական վերահսկողության տակ եւ չի բացառվում, որ դրանք փոխանակվեն. «Երեկ էի խոսում Ոսկեպարում կան ռուս սահմանապահների տեղակայման մասին: Այս հայտարարությունը Հայաստանի սուվերեն տարածքից, Տավուշից ադրբեջանցուն, թուրքին հող տալը պետական դավաճանություն է, թե ոչ: Տավուշցիներ, ձեր գյուղի կողքից թուրքին հող տալը պետական դավաճանությո՞ւն է, թե՞ չէ: Հայաստանից թուրքին հող տալու ծրագիրը մեր ժողովուրդը թույլ չի տալու»: