News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը 2021թ. օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որը վարում էր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից:

Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ Աժ նախագահը նշել է, որ նախաձեռնողի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 42-րդ հոդվածի 1-ին և 60-րդ հոդվածի 2-րդ մասերով «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկելու է հատուկ ընթացակարգով: Առաջարկվել է օրինագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացության ներկայացման համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ: Առաջարկվել է հարցի քննարկումը շարունակել ժամը 13:00-ին:

Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:

«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը ներկայացրել ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը: Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն:

Քվեարկության արդյունքում՝ 27 կողմ ձայնով օրենքն ընդունվել է:

Օրակարգի հաջորդ հարցը ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումն էր:Նախագիծը լիազորված էր ներկայացնելու ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանը: Արժանանալով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ 27 կողմ ձայնով խորհրդարանն օրենքն ընդունել է:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Ա. Թովմասյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսնաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի կողմից ստացել էր դրական եզրակացություն: Խորհրդարանը օրինագիծը միաձայն ընդունել է որպես օրենք:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:Հանձնաժողովի նիստում հնչեցված առաջարկն ընդունվել և ներառվել է օրինագծում:

Օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության: 27 կողմ քվեով այն ընդունվել է որպես օրենք:

Այնուհետև նստաշրջանի աշխատանքները շարունակվել են ժամը 13:00-ին և 2-րդ ընթերցմամբ ներկայացվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը: ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովի նիստում <<Արդարություն>> խմբակցության կողմից եղել է առաջարկ՝ օրինագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հուլիսի 8-ը փոխարինել օգոստոսի 6-ով: Առաջարկն ընդունվել է: Արժանանալով պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը՝ խորհրդարանը 27 կողմ ձայնով օրենքն ընդունել է:

Տպել
Ամենաշատ