News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանությունը մի բան հասկացավ՝ բուհերը պետք է հսկողության տակ պահել, և այժմ քողարկված կերպով այդ ծրագիրն են ուզում իրականացնել՝ փորձում են բուհերում իրենց լոյալ ռեկտորներ ունենալ: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը և մի շարք կից օրենքներ հակասահմանադրական ճանաչելու որոշմանը:

«Մինչև սա բազմիցս զգուշացվեց, որ պետք չէ նման բան: Երբ ներկա իշխանությունը նախկինում ընդդիմություն էր, բուհերի հոգաբարձուների խորհուրդների ապաքաղաքականաման կողմնակիցն էր,պնդում էր, որ կառավարությունը չվերահսկի բուհական խորհուրդները, բայց իշխանության գալուց հետո շատ ավելի կտրուկ փոփոխության փորձ արվեց. եթե մինչ այդ կառավարության և բուհի ներկայացվածությունը կառավարման խորհուրդներում 50/50 էր, ապա այս կառավարությունն առաջարկեց այն դարձնել 50+1, ինչն անընդունելի էր: Փորձ արվեց ստեղծել որոշակի օրենսդրական դաշտ՝ «կառավարության հագով կոստյում» կարելու համար: Այդ գործելակեպրից հրաժարվել է պետք: Ես, իհարկե, հասկանում եմ, որ բուհերն արագորեն բարեփոխելու ցանկություն կա, բայց քանի որ այս իշխանությունը նախկինում ժողովրդավարական սկզբունքներին է կողմ եղել, պետք չէ այժմ փոխել մոտեցումները»,- նշում է փորձագետը:

Խաչատրյանը դրական է գնահատում ՍԴ որոշումը, քանի որ օրենքով ամրագրված փոփոխությունների իրականացումը, համոզված է, անընդունելի կլիներ:

Հարցին, թե ինչ նպատակներով է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը չուներ պրոֆեսորի կոչում, Խաչատրյանը կատարվածը նույն համատեքտում դիտարկեց:

«Մինչ օրենքը ՍԴ-ում էր, կառավարությունը որոշում կայացրեց ռեկտորին ներկայացվող պահանջներից հանել դոկտոր-պրոֆեսորի կոչում ունենալը: Այսօր ավելի դժվար է դպրոցի տնօրեն դառնալը, քան ռեկտոր, քանի որ առաջինի դեպքում եթե մասնագիտական աշխատանքի 7, ապա ռեկտորի դեպքում՝ 5 տարվա փորձ է անհրաժեշտ: Մենք շարունակում են մեր օրենքներն ինչ-որ մարդկանց հարմարեցնել, այնինչ հակառակը պետք է լինի: Եվ երբ փորձում են ին-որ կերպ հիմնավորել նման քայլերը, անիմաստ է դա, երբ կարգավորումներն անձերին են հարմարեցնում: Ժամանակին Գեղամ Գևորգյանը նշանակվեց ռեկտորի պաշտոնակատար, որովհետև այդ պահին, գուցե, էլի խնդիր կար, համալսարանը մոտ 2 տարի անորոշ, սպասողական վիճակում էր, նույն տրամաբանությամբ է այդ որոշումը կայացվել՝ պաշտոնը հարմարեցնել թեկնածուին: Գիտության բնագավառում բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվող պահանջները գիտական կոչումներ ունենալու վերաբերյալ կարևոր են, պետք չէ նշաձողն իջեցնել, ավելի լավ է մարդիկ այդ կանոններին հարմարվեն»,- նկատեց փորձագետը:

Խաչատրյանի կարծիքով՝ իշխանությունը հասկացավ, որ բուհերը պետք է հսկողության տակ պահի:

«Այժմ քողարկված կերպով այդ ծրագիրն են ուզում իրականացնել, փորձում են բուհերում իրենց լոյալ ռեկտորներ ունենալ: Բուհական ինքնավարության մասին լավ է խոսել, երբ ընդդիմություն ես, հետո երբ իշխանության են գալիս, սկսում են հասկանալ, որ բուհերը պետք է վերահսկողության տակ պահեն»,- նշեց փորձագետը:

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ նույնիսկ ոչ մասնագետի համար էր նկատելի, որ բուհական ինքնավարությունն օրենքի այս փոփոխությամբ ոտնահարվում էր:

«Այլ հարց է, որ կառավարության ներկայացուցիչները դա չէին ուզում նկատել: Դրա վառ ապացույցն այն էր, երբ օրենքի ընդունումից հետո փորձեցին ենթաօրենսդրական ակտի ուժ ունեցող փաստաթղթով՝ կառավարության որոշմամբ հասնել իրենց նպատակին՝ փոխել բուհերի կառավարման խորհուրդներում ներկայացվածության համամասնությունը, սակայն, բարեբախտաբար, ՍԴ վճիռը հաստատեց, որ օրենքը ոտնահարում է բուհական ինքնավարությունը: Հուսով եմ, որ նոր խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներն իրենց ընձեռված նոր հնարավորությունը կօգտագործեն ոչ թե բուհական ինքնավարությունը ոտնատակ տալու, այլ բուհական ազատությունն ու զարգացումը խրախուսելու համար»,- նշեց Ափոյանը:

Տպել
Ամենաշատ