News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շատ բարդ խնդիր է՝ գովազդը բավական ցրված է համացանցում, բարդ է ասել՝ ինչ մոտեցումներով պետք է առաջնորդվել և կասկածում եմ, թե հնարավոր է արդյունավետ լուծում տալ խնդրին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ անդրադառնալով կառավարության կողմից ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց էլեկտրոնային հարկման հետ կապված հարաբերությունները հարկելու վերաբերյալ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությանը:

«Խոսքն այն մասին է, որ մենք էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկենք, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: Հարցը հետեւյալն է. Facebook, Google եւ ընդհանրապես ինտերնետային դաշտում եթե օրինակ բացում ենք նաեւ օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Բնականաբար, այդ ընկերությունները դրա համար վճարվում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար: Խնդիր ունենք, որ այս հարթակներում այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հարցն այն է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»,- կառավարության նիստում նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Տնտեսագետի դիտարկմամբ՝ գովազդը կարող է լինել և՛ ակնհայտ, և՛ պարփակված՝ տարածման ձևերը բազմազան են, որոշակիացնել՝ գովազդ է դա, թե ոչ, ինչ նպատակ է այն հետապնդում, կարծում է, բարդ է:

«Եթե խոսքը հոլովակային գովազդի մասին է, դա այլ հարց, բայց այդ տիրույթում գովազդի տարածման բազմաթիվ միջոցներ կան, դժվար է հստակ տարանջատել գովազդն այլ բովանդակությունից»,- նշեց տնտեսագետը:

Դիտարկմանը, որ, ըստ ՊԵԿ նախագահի, խոսքը բացառապես ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունները հարկելու մասին է, Ադոնցը նկատեց՝ պետք է հստակեցնել, թե ինչ է հասկացվում ֆիզիկական անձ ասելով:

«Եթե ֆիզիկական անձը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում և դրան առնչվող գովազդ տեղադրում համացանցում, ապա արդեն իսկ իրավաբանական անձի հետ գործ ունենք, որովհետև ֆիզիկական անձը չի կարող ծառայութուններ մատուցել առանց ձեռնարկատիրական գործունեության: Նույնիսկ անհատ ձեռնարկատերը տնտեսական և իրավական գործունեությամբ է զբաղվում, որոնց գովազդները մեծ ծավալների չեն հասնում»,- նկատեց Ադոնցը:

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանք է ստեղծվել, որը հնարավորություն է տալու առանց որեւէ բարդության էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնումեւ ներկայացնել համապատասխան հաշվարկը, և որ այն 2020 թ. հունվարի 1-ից է գործարկվելու:

«Էլեկտրոնային հարթակի ներդրումը դեռ 2017 թ-ից է քննարկվում: Էլեկտրոնային հարթակում, օրինակ, այդ ամենը վերահսկել հնարավոր է և, կարծում եմ, հիմա էլ է վերահսկվում, բայց լավ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է ողջ համացանցում կարողանան նման վերահսկողություն իրականացնել՝ հասկանալի չէ՝ ինչպես պետք է ֆիզիկական անձանց գովազդը իրավաբանական անձանց կողմից տեղադրվող գովազդից տարանջատել: Գովազդողն այլ ընկերություն է սովորաբար լինում, պատվիրատուն՝ այլ: Այլ բան է, երբ, օրինակ, հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդը հարկվի՝ աղբյուրը, սուբյեկտը հստակ են, հայտնի են, հնարավոր է հարկել, բայց համացանցում դա բարդ է պատկերացնելը»,- նկատեց Ադոնցը:

Տպել
Ամենաշատ