News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճիշտ կլիներ հանրությանը ներկայացվեր դատարանների նախագահների կողմից ձեռքով մակագրությունների գործող կարգը: Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Նշենք, որ շուրջ երկու շաբաթ է, ինչ մի շարք դատարաններում, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումն իրականացվում է ոչ թե գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի, այլ՝ դատարանների նախագահների կողմից։

Մասնագիտական հանրությունը կասկածի տակ է դնում հատկապես քաղաքականապես զգայուն քրեական գործերով բաշխման օբյեկտիվությունը՝ հաշվի առնելով դատարանների նախագահների գործոնը, ավելին, մի շարք աղմկահարույց գործերով այդ հանգամանքն առիթ է դարձել՝ դատավորներին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ ներկայացնելու համար։

Ըստ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ համակարգիչների առգրավումն իրականացվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մակագրման համակարգում արտաքին միջամտության փաստի առթիվ։

Մխիթար Պապոյանը նշեց, որ մակագրումների վերաբերյալ քրեական գործից ինքը տեղեկություն ունի միայն մամուլից:

«Համակարգիչներն առգրավելուց հետո մակագրությունններն իրականացվում է ձեռքով։ Որքանով տեղեկացված եմ՝ նույնիսկ մեր դատարանի մակագրման համակարգիչը չի առգրավվել, մեկ այլ վայրում գտնվող հիմնական համակարգիչն է առգրավվել։ Տեղեկատվություն չունեմ՝  ինչու է հարուցվել քրեական գործը, ինչ ժամկետներում է վերադարձվելու։ Պարոն Ջհանգիրյանի մամուլի ասուլիսն ուշադիր լսելու պայմաններում հասկացա, որ դա մոտ ապագայում չի վերադարձվի, նկատեցի, որ, կարծես թե, ծրագրի փոփոխման, նոր ծրագիր կազմելու ցանկություններ կան:

Հնարավոր միջամտության մասին լուր, տեղեկություն չեմ լսել: Այլ միջամտություններ, որ ինչ-որ գործ միջամտության արդյունքում մակագրվել է ինչ-որ մեկին՝ ցանկալի կամ ոչ ցանկալի, նման արտահայտություններ են օգտագործվում մամուլում և այլ հարթակներում, այդպիսի բան ես չեմ լսել»,-ասաց Պապոյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դատարանների նախագահների կողմից գործերի մակագրումն ազդեցություն ունենա դատարանների նկատմամբ հանրային վստահության վրա, նա պատասխանեց. «Այո, մակագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նրանով, որ գործերի մակագրության ընթացքում ինչ-որ սուբյեկտիվ մոտեցում չլինի: Ինչ վերաբերում է դատարանի նախագահի կողմից մակագրություններին, ԲԴԽ-ն ունի կայացված  որոշում, որի համաձայն՝  հստակ կանոններ են սահմանված, թե ինչպես կարող է անհաղթահարելի ուժ լինելու պարագայում դատարանի նախագահն իր այդ լիազորություններն իրականացնել։ Եթե այդ կանոնների համաձայն մակագրությունն իրականացվի, նույն կերպ կնվազեցվի մակագրության որեւէ սուբյեկտիվ գործոն։ Եթե այդ որոշման կանոնների համատեքստում իրականացվի մակագրություն, հանրային վստահությունը չի կարող նվազել, եթե հանրությունն այդ մասին տեղեկացված լինի։

Կարծում եմ, որ այս պարագայում, երբ մամուլում շրջանառվեց մակագրման համակարգչի առգրավման, ծրագրի չգործելու և դատարանների նախագահների կողմից մակագրումներ իրականացնելու մասին լուրը, ճիշտ կլիներ, որ նույն հանրությանը ճիշտ ձևով մատուցվեր, որ կա այսպիսի գործող կարգ, որի համաձայն՝ մակագրություններն իրականացվում են այբբենական կարգով, դատավորների անունների և ըստ գործերի մուտքագրման հերթականությամբ։

Իհարկե, դա, ի վերջո, ծրագիր չէ, այսինքն, մարդկային գործոն է, բայց այդ մարդկային գործոնի՝ այդ կարգի կիրառմամբ, եթե ոչ ամբողջովին, գոնե էականորեն կնվազեցնի որևէ սուբյեկտիվ վերաբերմունք»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ