News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հաճախ ֆիզիկական անձանց միջազգային դրամական փոխանցումները նույնացվում են արտաքին առեւտրի հետ: Փողերի ներհոսքը արտահանում է, իսկ արտահոսքը՝ ներմուծում: Բայց այստեղ նմանություններն ավարտվում են:

Հայաստանում արտաքին առեւտրաշրջանառությունը միշտ առանձնացել է հսկայական դեֆիցիտով, որը ստեղծել է (եւ այժմ էլ ստեղծում է) բազմաթիվ խնդիրներ: Այսպես, այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալների համաձայն, բացասական սալդոն մեր երկրի համար կազմել է հսկայական գումար` գրեթե 793 մլն դոլար: Ի տարբերություն սրա՝ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները միշտ բնութագրվել են դրական սալդոյով (որը այս տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է մոտ 383 մլն դոլար):

Մեկուկես տասնամյակ առաջ դրամական փոխանցումների ներհոսքի նշանակությունը երկրի տնտեսության համար թերագնահատվեց: Հետո ստիպված եղան համակերպվել այն փաստի հետ, որ եկող գումարները գոնե մասամբ նպաստում էին որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Օրինակ՝ թույլ էին տալիս գոյատեւել նյութապես անապահով ընտանիքներին: Բացի այդ, դոլարով կատարվող դրամական փոխանցումները նվազեցնում էին դրանց դեֆիցիտը (հիմնականում պայմանավորված արտաքին առեւտրաշրջանառության անհավասարակշռությամբ) երկրի արտարժույթի շուկայում:

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տվյալներով՝ «աշխատանքային միգրանտների տրանսֆերները» կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 11%-ը: Համեմատության համար նշենք, որ ՀՆԱ-ի կառուցվածքում վերջին մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 11,2%, մշակող արդյունաբերությանը` 12,4%, լեռնահանքարդյունաբերության եւ բաց հանքերի ոլորտինը` 3,8%: Ճիշտ է, ԵԶԲ փաստաթղթում «աշխատանքային միգրանտներ» ձեւակերպումն անհասկանալի է, քանի որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների մի մասն իրականացնում են մեր հայրենակիցները, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի (որը մասին կխոսվի ավելի ուշ) քաղաքացիները։

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների, հունվար-հունիս ամիսներին փոխանցումների ներհոսքը կազմել է 948,2 մլն դոլար, այսինքն`մոտեցել է մեկ միլիարդին: Ազգային արժույթով սա կազմում է գրեթե 495 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ մանրածախ առեւտրի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 640 մլրդ դրամ: Նկատենք, որ ՀՀ ԿԲ-ի երկարամյա հետազոտության համաձայն, արտասահմանից ստացված գումարի ավելի քան 70%-ը ընտանիքները ծախսել են ընթացիկ կարիքների համար: Այսինքն՝ ապրանքների գնման, ծառայությունների դիմաց վճարման, ինչպես նաեւ կոմունալ վճարումների համար:

Կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումները անդրադարձել են այլ երկրներ աշխատանքային միգրացիայի վրա: Այսպե, 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների միգրացիոն հաշվառման թիվը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է ուղիղ 1,5 անգամ: Ըստ այս տարվա հունվար -հունիս ամիսների տվյալների, այս ոլորտում պատկերը տրամագծորեն փոխվել է՝ նշված փաստերի թիվը տարվա ընթացքում աճել է գրեթե 1,5 անգամ: Արդյունքում՝ 2019-ի մակարդակը հասել է 95%-ի:

Բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը առաջատար դեր է խաղում դրամական փոխանցումների ներհոսքում: Ժամանակին փոխանցումների ընդհանուր ներհոսքի մեջ նրա մասնաբաժինը գերազանցում էր 80%-ը: Սակայն, դոլարի բազմակի ամրապնդումը ռուսական ռուբլու նկատմամբ հանգեցրել է այս երկրից «դոլարային» փոխանցումների փլուզմանը: («Ռուսական» տրանսֆերտների անկումը հիմնականում կապված է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի ամրապնդմամբ (news.am) Այս տարվա հունվար-հունիսին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքում Ռուսաստանի մասնաբաժինը 40%-ից պակաս է եղել (երկու տարի առաջ` ավելի քան 51%):

Այս վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող ԱՄՆ-ը (Ռուսաստանից հետո) հաշվետու ժամանակաշրջանում հասել է մասնաբաժնի 27%-ի (երկու տարի առաջ` 15%-ից պակաս): ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումների բացարձակ գումարը երկու տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է (տես առաջին գրաֆիկը): Ինչպես կարելի է ենթադրել, դրանով իսկ այդ երկրում հզոր սփյուռքն արձագանքել է իր պատմական հայրենիքի աղետալի վիճակին: Նշենք, որ Արցախում պատերազմի ծանր հետեւանքներին այժմ ավելացել է նաեւ ինֆլյացիայի հետ կապված լուրջ խնդիրը: (Հայաստան. Հուլիսին ինֆլյացիան մոտեցել է կրիտիկական կետի (news.am))։

Դատելով որոշ տվյալներից՝ երկրում սկսվել է արտագաղթի նոր ալիք, մասնավորապես՝ դեպի նույն Ռուսաստան: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մեր 21,9 հազար քաղաքացի: Նշենք, որ ամբողջ անցյալ տարի այս ցուցանիշը կազմել է 30,5 հազար մարդ, իսկ մեկ տարի առաջ` «ընդամենը» 24,0 հազար մարդ: Այստեղից էլ եզրակացությունը՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասշտաբները զգալիորեն աճել են:

Խոսելով դրամական փոխանցումների ներհոսքի մասին՝ պետք է ուշադրություն դարձնել փողերի արտահոսքին: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է կլորիկ գումար՝ 565,3 մլն դոլար (մեկ տարի առաջ՝ 522,8 մլն դոլար): Սակայն ներհոսքի աճի արագ տեմպերի պատճառով (132,5%՝ 108.1% արտահոսքի դիմաց), փոխանցումների դրական սալդոն աճել է` նախորդ տարվա 192,8 մլն դոլարից մինչեւ 382,9 մլն դոլար՝ այս տարվա հունվար-հունիսին:

Հայաստանի սահմաններից դուրս ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների մի մասը կարող է կոմերցիոն բնույթ կրել: Ասենք՝ ապրանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ արտասահմանում անշարժ գույքի եւ ավտոմեքենաների գնման համար: Հայաստանում աշխատող օտարերկրյա մասնագետները կարող են աշխատավարձերը փոխանցել իրենց ընտանիքներին: Հնարավոր է, որ մեր քաղաքացիները ֆինանսական օգնություն են ցուցաբերում այլ երկրներում ապրող իրենց հարազատներին: Բնականաբար, նայած, թե որ երկիրն է հասցեատերը: Ասենք, որ Չինաստան գումար է փոխանցվում ակնհայտ կոմերցիոն նպատակներով: Հավելենք, որ շատ երկրներում հաճախ են լինում անօրինական նպատակներով դրամական փոխանցումների դեպքեր: Հանդիսանո՞ւմ է արդյոք Հայաստանը երջանիկ բացառություն այս առումով, պարզ չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ինչպիսի՞ն պետք է լինի պետության դերը այս ոլորտում: Չէ որ Հայաստանում դրամական փոխանցումները վաղուց արդեն դարձել են մեր տնտեսության անկյունաքարը: Բայց, ինչպես ցույց տվեց Ռուսաստանի հետ կապված նախկին փորձը, այս ոլորտում կայունության եւ կանխատեսելիության հույսի հիմքեր չկան:

Աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերի լուծումը պահանջում է պետության կողմից բարդ խնդիրների իրականացում: Մասնավորապես` երկրում նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության եկամուտների ավելացման (հատկապես գյուղական վայրերում) աջակցություն եւ այլն, եւ այլն: Այլապես ստիպված կլինենք տեւական ժամանակով համակերպվել արտասահմանից եկող դրամական փոխանցումներից չափազանց մեծ կախվածության հետ, ինչը բնորոշ է շատ զարգացող երկրների:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ