News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ։

Հայտարարությունում ասվում է. «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նիստը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով անկախ ժողովրդավարական պետության կերտմանը:

Հանրապետության հռչակումը լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, որոնք ինքնավար կազմավորումներին և կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնություններին իրենց ճակատագիրը և քաղաքական կարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունք էին տրամադրում:

1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախ պետություն ստեղծելու որոշումն ամրագրվել է համաժողովրդական հանրաքվեում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդի ազատ կամարտահայտությամբ:

Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի ընդունումը դարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի առանցքային իրադարձություններից մեկը, որը հիմնված էր ժողովրդի ինքնորոշման, պատմական արդարության վերականգնման և մեկ միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտման վրա՝ նպատակ ունենալով ազատվել ֆիզիկական ոչնչացման մշտական սպառնալիքից:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժով և ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու, ահաբեկման, էթնիկ զտումների, կոտորածների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների միջոցով արցախահայությանը հայրենիքից զրկելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության պայմաններում անկախ պետության ստեղծումը ոչ միայն կարևոր քաղաքական քայլ էր, այլև պատմական անհրաժեշտություն:

1990-ականների աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանային հարաճուն լարվածությունը հասարակության ինքնակազմակերպման և պետական ինստիտուտների ստեղծման վճռական քայլեր էին պահանջում՝ անհրաժեշտ Ադրբեջանի վերահաս զինված ագրեսիան հետ մղելու և Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու և զարգանալու իրավունքը երաշխավորելու համար:

Անկախության օրվանից ի վեր Արցախի Հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների, այդ թվում՝ կործանարար պատերազմների և ծանր կորուստների միջով:

Այնուամենայնիվ, ո՛չ ահաբեկումն ու սպառնալիքները, ո՛չ շրջափակումը և կրկնվող ռազմական ագրեսիաները չեն կարողացել կոտրել Արցախի ժողովրդի կամքը և իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, իր պետականությունն ամրապնդելու և զարգացնելու վճռականությունը:

Համոզված ենք, որ Արցախում հայկական պետականությունը ազգային ինքնության, արժանապատվության պահպանման և անվտանգ ապագա ապահովելու հիմնական երաշխավորն է, ինչպես նաև ժողովրդի՝  սեփական քաղաքական ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի իրացման միջոցը։

Այս հիշարժան օրը մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում նրանց, ովքեր պայքարել են Արցախի արժանապատվության, ազատության և անկախության համար, գլուխ ենք խոնարհում այդ սրբազան պայքարում իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի առջև. նրանց քաջությունն ու սխրանքը մշտապես լինելու են հայրենիքին անձնվիրաբար ծառայելու և համազգային գործին նվիրվելու վառ օրինակ:

Հավատարիմ մնալով ազգային-ազատագրական շարժման գաղափարներին, նպատակներին և սկզբունքներին՝ Արցախի

Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները անսասան վճռականությամբ շարունակելու են ձգտել հասնելու երկրի անկախության միջազգային ճանաչմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը,  ինքնիշխան պետականության ամրապնդմանն ու զարգացմանը։

Կեցցե´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Փա´ռք ու պատի´վ Արցախի ազատության և անկախության բոլոր մարտիկներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ