News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

​InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում Դուբայում անցկացվող՝ երիտասարդ դաշնակահարների Classic Piano 2-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեցին ռուս դաշնակահարներ Միրոսլավ Կուլտիշեւը եւ Վիկտոր Մասլովը։  Մրցույթի արդյունքները ամփոփվեցին սեպտեմբերի 4-ին։ 

Ռուսաստանը ներկայացնող Միրոսլավ Կուլտիշեւը արժանացավ  1-ին մրցանակի եւ ստացավ 100 000 եվրոյի կտրոն, ինչպես նաեւ համերգային շրջագայություն անցկացնելու հնարավորություն։ Դրա շրջանակում նա 2021 թվականի վերջին համերգներով հանդես կգա մի շարք երկրներում՝ Ավստրիա (Վիեննա, Զալցբուրգ), Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Գերմանիա, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Ճապոնիա, Ղազախստան, Լիտվա, Լատվիա, Մալթա, Ռուսաստան (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ), Շվեյցարիա, Թուրքիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա: Շրջագայությունների համար նա եւս 100 000 եվրո հոնորար կստանա։ 

«Իսկապես երեքշաբաթյա բարդ փորձություն էր: Ուրախ էի կրկին բեմ բարձրանալու համար, ինչը հատկապես արժեքավոր է համավարակի սահմանափակումների մեր ժամանակներում, ուրախ էի շփվել իմ գործընկերների` մրցույթի այլ մասնակիցների հետ, եւ անչափ շնորհակալ եմ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին՝ կազմակերպման եւ դասական արվեստի աջակցության համար:

«Մեր գլխավերեւում երաժշտություն կա», ինչպես ասել է Օսիպ Մանդելշտամը, եւ մենք բոլորս ծառայում ենք երաժշտությանը», - մրցանակը ստանալուց հետո ասաց Միրոսլավ Կուլտիշեւը։

Երկրորդ մրցանակին արժանացած՝ ազգությամբ ռուս, Մեծ Բրիտանիան ներկայացնող Վիկտոր Մասլովը ստացավ 50 000 եվրո։ 3-րդ մրցանակին արժանացավ Ավստրիան ներկայացնող, կորեացի Սու Ջին Չա՝ 25 000 եվրո, 4-րդ մրցանակին՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեքի Չանգը՝ 7000 եվրո,  5-րդ մրցանակին՝ Գերմանիան ներկայացնող, կորեացի Մինսունգ Լին ՝ 6000 եվրո, 6-րդ մրցանակին՝ Ավստրիան ներկայացնող, կորեացի Ջեյուն Լին՝ 5000 եվրո, 7-րդ մրցանակին՝ Ճապոնիան ներկայացնող Յուկի Ամակոն՝ 4000 եվրո, 8-րդ մրցանակին՝ Ֆրանսիան ներկայացնող Կոզիրո Օկադոն՝ 3000 եվրո:
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի եւ SAMIT Event Group-ի կողմից կազմակերպված մրցույթի 3-րդ և 4-րդ փուլերում մասնակիցները ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ղեկավարությամբ  գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։

«Այսօր ավարտվեց մեր ամենամեծ երաժշտական նախագծերից մեկը՝ CLASSIC PIANO-ն: Այս իրադարձությունը տեւեց, ընդհանուր առմամբ, երեք տարի՝ հաշվի առնելով տարբեր երկրներում նախնական ընտրությունը: Երջանիկ էի տեսնել բոլոր մասնակիցներին եւ շատ շնորհակալ եմ մեր բարձր պրոֆեսիոնալ ժյուրիին, որի կազմում ամբողջությամբ դասական երաժշտության եւ դաշնամուրի արվեստի վարպետներ են: Շնորհավորում ենք հաղթողին եւ սպասում նրան՝ որպես մենակատար մեր շրջագայության ժամանակ»,- մրցույթի արդյունքները ամփոփելիս նշեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:

CLASSIC PIANO մրցույթի ժյուրիում հրավիրվել են կոմպոզիտորներ, բարձրագույն երաժշտական հաստատությունների մանկավարժներ եւ դասական արվեստի աստղեր: Նրանց թվում են եղել Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը (Ռուսաստան), Գնեսինների անվան Մոսկվայի միջնակարգ հատուկ երաժշտական դպրոցի տնօրեն Միխայիլ Խոխլովը (Ռուսաստան), Փարիզի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Միշել Բերոֆը (Ֆրանսիա), Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան), կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսը (Լատվիա), Դմիտրի Ալեքսեեւը (Մեծ Բրիտանիա), Ջուլիանո Մացոկանտեն (Իտալիա), Պավել Գիլիլովը (Գերմանիա-Ավստրիա), Նիկիտա Ֆիտենկոն (Ռուսաստան-ԱՄՆ), Սերգեյ Էդելմանը (Բելգիա), Ջան Իրաչեկ Արնիմը (Գերմանիա), Հե-Յանգ Կիմը (Կորեա), Թոմեր Լեւը (Իսրայել), Եվա Պաբլոցկան (Լեհաստան), Ժան Ժակ Սեսբրոնը (ԱՄՆ)։

Ժյուրիի նախագահը կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Չայկովսկին էր:

«Ցանկանում եմ նշել, որ ի սկզբանե մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր եկել են Դուբայ, բարձրակարգ մասնագետներ են, եւ յուրաքանչյուր փուլում ընտրություն կատարելն այնքան էլ հեշտ չէր: Եզրափակչում մենք իսկապես տեսանք թեժ բանավեճեր, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը ցուցաբերեց վիրտուոզություն, արտիստիզմ եւ երաժշտական նյութի խորը ըմբռնում: Ցանկանում եմ շնորհավորել եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին եւ մաղթել նրանց բարի ճանապարհ՝ սեւ ու սպիտակ ստեղներով ճանապարհին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ժյուրիի անդամներին՝ ինձ համար երջանկություն էր ղեկավարել այսպիսի արտասովոր երաժիշտների մասնակցությամբ թիմը, նշել է ժյուրիի նախագահ Ալեքսանդր Չայկովսկին։

CLASSIC PIANO-ն դարձել է 2019 թվականից աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվող «Դեպի Դուբայ 14 ուղիներ» դաշնամուրային մրցույթների շարքի վերջին փուլը: Գերմանիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հայաստանի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, Իտալիայի եւ Բելգիայի եզրափակիչներ դուրս եկած հնգական մասնակիցներ ժամանել են ԱՄԷ, որպեսզի եռամյա մրցույթի վերջին փուլում ցուցադրեն իրենց վարպետությունը: CLASSIC PIANO-ին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 70 մարդ:

Դաշնակահարների CLASSIC PIANO 2-րդ միջազգային մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 15-ին՝ Դուբայում՝ Պալմա Ջումեյրա կղզու վրա Jumeirah Zabeel Saray համերգասրահում: Առաջին երկու փուլերում երաժիշտները հանդես եկան մենահամերգով՝ ժյուրիի դատին ներկայացնելով բարոկկո երաժշտության եւ ռոմանտիկ նվագացանկի ծրագիր, ինչպես նաեւ ժամանակակից մալթացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երրորդ եւ չորրորդ փուլերում մրցողները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Կիսաեզրափակչում մասնակիցները կատարել են Վ. Ա. Մոցարտի եւ CLASSIC PIANO մրցույթի ու InClassica փառատոնի կոմպոզիտոր-ռեզիդենտ Ալեքսեյ Շորի Կոնցերտները: Եզրափակչում երաժիշտներին առաջարկվել են 19-20-րդ դարերի դասականների մի քանի ստեղծագործություններ:

Մրցանակային ֆոնդը կազմել է ավելի քան 300 000 եվրո:

Մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման համար Յուկի Ամակոն (Ճապոնիա) եւ Արտյոմ Կուզնեցովը (Ռուսաստան/ԱՄՆ) ստացել են հատուկ մրցանակ` 3000-ական եվրոյի չափով:

Երաժշտական մրցույթին մասնակցել է 70 մարդ՝ ավելի քան 20 երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ