News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել ե՛ւՀայաստանին, ե՛ւ Ռուսաստանին նրանով, որ, միակողմանի գործողություններ է ձեռնարկում այն պատրվակով, որ սահմանազատում եւ սահմանագծում չի եղել: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը :

Նրա խոսքով, Բաքուն ձգտում է, որ ներկայիս Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ քայլ կատարի, այն է` հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայերին ցանկացած աջակցությունից: «Հուսամ՝ դա տեղի չի ունենա»:

«Այն, ինչ մենք ակնկալում ենք Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ նրանք վերականգնվելու ուժ գտնեն: Դուք գիտեք, որ այսօր Ռուսաստանը տարբեր քայլեր է ձեռնարկում, այդ թվում՝ զբաղվում է սպառազինության մատակարարմամբ, ինչն արդեն առաջացրել է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը: Ռուսաստանը նոր է վերացրել Գորիս-Կապան ճանապարհը փակելու խնդիրը: Այսօրվա հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ճանապարհն ազատ է անցնելու համար»:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Զատուլինը նշել է, որ «եթե կատարվի ակնհայտ ագրեսիայի գործողություն Հայաստանի Հանրապետության դեմ, ապա կգործեն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ այլ երկրների դաշնակցային պարտավորությունները, որոնք, ինչպես գիտեք, պարտավորվել են պաշտպանել անդամ երկրներից մեկի տարածքը՝ նրա դեմ ագրեսիայի դեպքում»: Նրա խոսքով, եթե Ադրբեջանի կամ Թուրքիայի կամ որեւէ մեկի գործողությունները Հայաստանի դեմ ձեռք բերեն ռազմական հարձակման, ագրեսիայի բնույթ, Ռուսաստանը ստիպված կլինի, չնայած Ադրբեջանի կամ տարածաշրջանում մեկ ուրիշի հետ լավ հարաբերություններին, ցույց տալ իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին: Հենց այդպես է Ռուսաստանը միշտ արել»:

Նա նշել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կհեռանա Լեռնային Ղարաբաղից: «Ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա... Ես վստահ եմ, որ իրականում, սա իմ անձնական տեսակետն է, որ խաղաղապահության տրամաբանության տեսանկյունից՝ երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ տարածաշրջան մուտք գործած խաղաղապահների դուրսբերումը նույնպես հնարավոր է՝ Ռուսաստանին, որպես այս խաղաղարար գործողություն իրականացնող երկրին, համատեղ դիմումի հիման վրա... Կհավատաք, թե ոչ, ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն է եկել տարածաշրջան եւ երկար ժամանակով։ Եւ Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա բացատրել, այդ թվում՝ Ադրբեջանին, հավանաբար եւ Թուրքիային, այստեղ իր ներկայության անհրաժեշտությունը, որպեսզի պատերազմը չվերսկսվի»,- ասել է քաղաքական գործիչն՝ ընդգծելով, որ ռուս խաղաղապահների կյանքին ինչ-որ կերպ սպառնալու դեպքում, կհետեւի Ռուսաստանի արձագանքը:

Նրա խոսքով՝ «Թուրքիան հայտարարեց Կովկասում իր ներկայության պահանջների մասին, եւ սա մեզանից առաջ տեղի ունեցածի հիմնական բացասական արդյունքն է»: Նա նշել է, որ ռուս-թուրքական դիտորդական այս կենտրոնի գործունեությունը, այո, ռուսական կողմի ստիպված որոշումն է: «Ի վերջո, Թուրքիան ի սկզբանե պնդում էր լինել հենց խաղաղապահ զորախմբի կազմում: Պուտինին հաջողվեց ապացուցել, որ Թուրքիայի ներկայությունը, որը, ինչպես գիտենք, մեղավոր է եւ չի զղջացել Հայոց ցեղասպանության համար, միայն նյարդայնացնող գործոն է, որը խաթարում է խաղաղ գործընթացը:

Այս կենտրոնը, ինչպես հասկանում եմ, հեռու է հակամարտության կողմերի հետ անմիջական շփումից: Այն իր մոնիթորինգը հեռակա կարգով է իրականացնում: Ես չէ, որ պետք է տամ այս կենտրոնի գործունեության գնահատականը, բայց, ամեն դեպքում, դա նույնը չէ, ինչ խաղաղապահները՝ այս բառի սովորական իմաստով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ