Մեքսիկայում երկրի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 1.6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տուժել է 1 միլիոն 600 հազար մարդ Մեխիկոյում, Մեխիկոյի նահանգներում, Գերերոյում, Մորելոսում եւ Օախակայում: Սա այս նահանգներում եւ մայրաքաղաքում սպառողների ընդհանուր թվի 13 տոկոսն է»,- ասված է հանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովի մասնագետները զբաղված են էլեկտրամատակարարման վթարային վերականգնմամբ արտակարգ իրավիճակների արձանագրությունների շրջանակներում:
7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան Մեքսիկայի հարավ-արեւմուտքում՝ Գերերո նահանգում: Մեկուկես ժամվա ընթացքում դրան հաջորդել են ավելի փոքր ուժի նոր ցնցումներ: Կառավարությունից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Գերերոյում մեկ մարդ է մահացել, լուրջ ավերածություններ չկան: