News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվող InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնին սեպտեմբերին 5-ին աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»:

«Արամ Խաչատրյանը իմ երաժշտությունն է, հայկական է, իմ հոգու մեջ է։ Շատ ուրախ եմ, որ կարող ենք կատարել այն այստեղ՝ Դուբայում․ հայկական նվագախմբով գալ եւ այստեղ ներկայացնել Խաչատրյան։,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ ինքը հպարտ է Խաչատրյանի ստեղծագործությունը ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում։

Համերգն անցավ Դուբայի Օպերայի շենքում, որտեղ օտարերկրացի հանդիսատեսը երկար ծափողջյուններով ընդունեց Սերգեյ Խաչատրյանին եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին։ Սերգեյ Խաչատրյանը օտարերկրացի հանդիսատեսի առջեւ նաեւ մեկ՝ չծրագրված համար կատարեց՝ Գրիգոր Նարեկացու «Հավուն-Հավուն»-ը։

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ աշխարհի տարբեր մասերում։ Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ հայ երաժիշտների մատուցումը միանշանակ տարբերվում է, քանի որ Խաչատրյանի ստեղածագործությունը հայկական ժողովրդական էլեմենտներ էպարունակում, որոնք լավագույնը կարող է մատուցել հայ երաժիշտը։

«Ժողովրդականից, օրինակ, շատ բաներ են բխում, որոնք Խաչատրյանը օգտագործել է իր «Ջութակի կոնցերտի» մեջ։ Եթե դու հայ ես ու դրանով մեծացել ես, քո հոգու մեջ կա ժողովրդականը, իհարկե, դու ավելի լավ կարող ես ընկալել եւ մատուցել։ Բայց դա չի բացառում, որ էլի ուրիշ ազգի ներկայացուցիչներ եւս կարող են լավ կատարել այս գործը եւ հետաքրքիր, միգուցե, նաեւ ուրիշ տեսանկյունից»,- նշեց նա։

Խաչատրյանը հայտնեց, որ ցանկանում է մինչեւ տարվա վերջ Հայաստան այցելել՝ համերգ ունենալու նպատակով։

«Կարծում եմ՝ Հայաստանի հետ կապը պետք է սերտացնել, ուրիշ անկյունից նայել եւ աշխատել»,- հավելեց նա։ 

Սերգեյ Խաչատրյանին համերգի ընթացքում նվագակցեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Նվագախումբը մինչեւ համերգը փառատոնի առաջին 10 օրերի ընթացքում նվագել էր փառատոնին զուգահեռ անցկացվող՝ «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցների հետ։

«Փառատոնն ամենամասշտաբայիններից է։ Նման փառատոնի մասնակից լինելը միջազգային հաջողություն է նվագախմբի համար։ Մասնակցում են աշխարհի լավագույն նվագախմբեր, որոնց կողքին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը տեսնելը բոլորիս համար մեծ ձեռքբերում է։ Մեծագույն ձեռքբերում էր նաեւ, որ մենք մասնակցում ենք ոչ միայն փառատոնին, այլեւ նվագակցում ենք դաշնակահարների մրցույթների եզրափակիչ փուլերին, ինչը շատ պատասխանատու էր, քանի որ այն աշխարհում ամենահայտնի մրցույթներից է։ Իսկ այսօրվա համերգը շատ սպասված էր․ Դուբայի օպերոյում շատ ենք ելույթ ունեցել, բայց ամեն համերգ յուրահատուկ է»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնին մասնակցում է որպես հրավիրյալ դիրիժոր եւ հանդես գալիս հայտնի նվագախմբերի եւ մենակատարների հետ։

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը այժմ պատրաստվում է նոր համերգաշրջանի։ Նվագախմբի առաջիկա համերգը Երեւանում սպասվում է սեպտեմբերի  21-ին։

InClassica InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

Փառատոնը մեկներկել է օգոստոսի 28-ին: Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

Փառատոնին մասնակցում է յոթ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

Լուսանկարները՝  Ալեքսեյ Մոլչանովսկու

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ