News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առուշ Առուշանյանի անունն ու հեղինակությունը բավարար են «Քաղաքացիական պայմանագիր» կամ որեւէ այլ կուսակցության թեկնածուի հաղթելու համար, եւ իրենց ֆիզիկական ներկայությունը որեւէ դեր չի խաղալու առաջիկա ընտրություններում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:

«Երբ ստորագրահավաք կազմակերպվեց Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու պահանջով, Գորիսի ընտրողների 67%-ը ստորագրեց այդ պահանջը: Գորիսում Առուշ Առուշանյանի անունն ու հեղինակությունը բավարար են «Քաղաքացիական պայմանագիր» կամ որեւէ այլ կուսակցության թեկնածուի հաղթելու համար, եւ իրենց ֆիզիկական ներկայությունը որեւէ դեր չի խաղալու առաջիկա ընտրություններում: Նրանք ամեն կերպ փորձելու են վարչական ռեսուրս կիրառել, ճնշումներ գործադրել, որոնք մենք արդեն տեսել ենք, հիշում ենք, թե ինչպես էին մարդկանց ստիպում կեղծ ցուցմունքներ տալ խոշորացված համայնքների ղեկավարների, վարչական ներկայացուցիչների դեմ: Բնականաբար, մեծ դժվարություններ են առաջացնում Առուշ Առուշանյանի կալանավորված լինելը, բայց արդյունքների տեսանկյունից դա որոշիչ դեր չի խաղա»,- նշեց Սաղաթելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով։ Դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: Առուշանյանը կալանավորված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ