News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած DisruptHR նախագծի միջոցառման ընթացքում Հայաստանի թոփ 10 ընկերությունների ներկայացուցիչներ ներկայացրին մարդկային ռեսուրսների կառավարման իրենց փորձը (ֆոտոռեպորտաժ

Միջոցառման կազմակերպիչ՝ DisruptHR համաշխարհային շարժման հայաստանյան ներկայացուցիչ Արփի Կարապետյանի խոսքով՝ նպատակը հայաստանյան բիզնես միջավայր փոփոխություններ բերելն է։ DispruptHR շարժումը Հայաստանում ներկայացնում և իրականացնում է Cascade People & Business ընկերությունը: 

«Ամբողջ գաղափարն այն է, որ տարբեր քաղաքներում, տարբեր մարդիկ, որոնք կարող են խոսել անձնակազմի կառավարման մասին, հավաքվում են եւ հինգ րոպեում կիսվում ինչ-որ գաղափարով, որը կարծում են՝ կօգնի բիզնեսին։ Մենք մի տեսակ ուզում ենք շարժել մարդկանց հոգիներն ու միտքը, որ ցանկացած բիզնես պետք է մտածի իր քառակուսուց դուրս, փորձի գտնել ինչ-որ լուծումներ, որոնք ավելի համապատասխան են արդի իրականությանը եւ կարող են բերել լավ արդյունքներ»,-  NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արփի Կարապետյանը։

Համաշխարհային տարածում ունեցող, 100-ից ավելի երկրներում եւ քաղաքներում գործող շարժումը Հայաստան է եկել այս տարվա մայիսին։ Սա շարժման երկրորդ միջոցառումն էր, որն անցկացվեց  Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի գրասենյակում։ Կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանն ու Արփի Կարապետյանն են միասին որոշել միջոցառման վայրը՝ կարեւորելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Վահե Դանիելյանի կարծիքով՝ մեծ խորհուրդ կա հենց գիտահետազոտական կենտրոնում միջոցառումն անցկացնելու մեջ։

«Մեսիջն այն է, որ մեր ապագան գիտության մեջ է, տեխնոլոգիաների մեջ է, մրցակցային առավելության մեջ է, որովհետեւ Հայաստանը չունի նավթ, չունի շատ մեծ ընդերք, չի կարող պորտաբույծ հոգեբանությամբ գնալ՝ դե որ նավթ ունենք, նավթով զենք կառնենք։ Մեր զենքը մեր ուղեղն է, մեր գիտնականներն են, մեր զենքը մեր բարձր տեխնոլոգիաներն են, եւ դա է իմ համար խորհուրդը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վահե Դանիելյանը։

Միջոցառմանը իրենց փորձով հյուրերի հետ կիսվեցին նաեւ գիտահետազոտական կենտրոնի երկու աշխատակից՝ Արտաքին կապերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանն ու նորարությունների և համագործակցությունների գծով պատասխանատու Օֆելյա Սարգսյանը։ 

Վիկտորյա Պողոսյանն իր մասնագիտության մեջ ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Նրա կարծիքով՝ մենեջմենթում հաջողության հասնելու ամենակարևոր գործոններից մեկը հաղորդակցությունն է։

«Հաղորդակցության հմտությունների շնորհիվ դու հնարավորություն ես ունենում իրագործել յուրաքանչյուր նախագիծ, որովհետև կա լուծում, միշտ կան տարբերակներ, որոնք բոլորի համար ընդունելի են։ Թե աշխատանքում, թե անձնական կյանքում, թե ընկերական շրջապատի մեջ, թե մարդկային ռեսուրսների տեսանկյունից և թե արտաքին կապերի տեսանկյունից հիմքում ընկած են հաղորդակցության հմտությունները, որոնք օգնում են գիտելիքն ավելի հզորացնել, ամպրապնդել ու գտնել ինովատիվ, նոր լուծումներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Կենտրոնի նորարությունների եւ համագործակցությունների գծով պատասխանատու Օֆելյա Սարգսյանի կարծիքով՝ բիզնեսում առանցքային աշխատակիցների նկատմամբ պետք է ցուցաբերել առանցքային մոտեցում, որպեսզի նրանց մասնակցությունն ընկերության ընդհանուր հաջողություն մեջ մեծ լինի։

«Կուզեմ հատկապես ընդգծել, որ ցանկացած աշխատակից նախ և առաջ անհատ է՝ իր խնդիրներ, ընտանեկան կարգավիճակով, և հետևաբար՝ նրանց հետ աշխատելն էլ պետք է լինի հնարավորինս անհատական և իրավիճակային։ Մարդկանց պետք է առաջնահերթ վերաբերվել որպես մարդ, և եթե նրանց վերաբերվում ես որպես մարդ, նրանց խնդիրներին մոտենում ես որպես մարդ, նրանք որպես աշխատակից շատ ավելի են մասնակցում քո ընկերության զարգացմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա։

Միջոցառումից հետո մասնակիցները շրջայց կատարեցին գիտահետազոտական կենտրոնում։

Տպել
Ամենաշատ