News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրվեց հանդիպիպում, որի ընթացքում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների և իրավապահ մարմինների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին, մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատանքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից:

««Գիտեք, որ երկար ժամանակ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզում պատասխանատու դերակատարում է ունեցել ջրային ոլորտում: Իր լավ աշխատանքի արդյունքներով պայմանավորված՝ պարոն Սարգսյանը խրախուսվել է և զբաղեցրել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը: Ես շնորհավորում եմ պարոն Սարգսյանին՝ այս խիստ պատասխանատու փուլում մարզպետի պաշտոնը ստանձնելու համար և ատրաստակամություն հայտնում աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցում, որն իր դրական նպաստը կունենա մարզի զարգացման գործում»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Այնուհետև փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Գնել Սանոսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նաև այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Սանոսյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Ես կարծում եմ, որ սա մեծ պատիվ է մարզի համար, բոլոր պաշտոնյաների համար և ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի հանրապետությունում աշխատանքը խրախուսվում է և լավ աշխատողը պաշտոնական սանդղակում առաջ բարձրանալու հնարավորություն է ստանում»,- նշեց նա:

Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սուրեն Պապիկյանին՝ այս երեք տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզպետի, իսկ այս պահին արդեն՝ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար: Նա միաժամանակ հաջողություն մաղթեց Կարեն Սարգսյանին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար, համոզմունք հայտնելով, որ մարզպետը ջանք ու եռանդ չի խնայի հաջողություններ արձանագրելու, ի շահ մեր մարզի և Հանրապետության:

«Մեծ պատիվ է որոշակի ժամանակ զբաղեցնել մարզպետի պաշտոնը և փորձել մարդկային կարողություններով, որակներով, գիտելիքներով և փորձով օգտակար լինել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընձեռված հնարավորության համար, որ տրվեց ինձ երեք տարի: Բավական բարդ ժամանակահատված ապրեցինք, բայց մյուս կողմից բավականին մեծ ձեռքբերումներ ունեցանք մարզի համայնքներում, մարզային ենթակայության տարբեր կառույցներում: Ուզում եմ բոլորիդ այդ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել, նաև շնորհակալություն հայտնել այն լավ մթնոլորտի համար, որ կա մարզում՝ շնորհիվ բոլոր կառույցների: Թող այդ ծանր ժամանակահատվածը մնա անցյալում և նոր մարզպետի գլխավորությամբ մարզում անընդհատ ունենանք զարգացման նոր հնարավորություններ, նոր ձեռքբերումներ»,- նշեց նախարարը:

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին վստահության համար և հավաստիացրեց, որ ջանք ու եռանդ չի խնայի, ոլորտային շատ ու շատ խնդիրների լուծում տալու հարցում:

«Շնորհակալ եմ այս բարձր և պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Իմ համար իրոք մեծ պատիվ է Գեղարքունիքի մարզը ղեկավարելը: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր առջև դրված բոլոր խնդիրները կլուծվեն պատշաճ, մարզը կզարգանա ՀՀ Կառավարության ծրագրին համահունչ և նախընտրական բոլոր խոստումները, մարզում կյանքի կկոչվեն տեսանելի ապագայում»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:

Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը շնորհավորեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, հաջողություն և բեղմնավոր աշխատանքային գործունեություն մաղթելով նրանց:

Սևակ Խլղաթյանը Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հիմնարկների, ՏԻ մարմինների, մարզի իրավապահ մարմինների ղեկավարների անունից շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանին՝ խնդիրների համատեղ հաղթահարման, համագործակցված և արդյունավետ աշխատանքի համար:

Մարզպետարանի գլխավոր քարտուղարը խոսելով նորանշանակ մարզպետի մասին, նշեց, որ Կարեն Սարգսյանը լինելով Գեղարքունիքի մարզից՝ քաջատեղյակ է մարզի խնդիրներին, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը պատրաստակամ է նորանշանակ մարզպետի հետ ապահովելու մարզպետարանի բնականոն աշխատանքը՝ ի նպաստ այդ խնդիրների հաղթահարման»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ