News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ հիմնադրամի 10 կրթաթոշակառուները մասնակցում են սեպտեմբերի 4-ից 23-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվող Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) կազմակերպած վարպետության դասերին, ինչպես նաեւ արդեն հանդես են եկել կատարումներով: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 4-ին և 5-ին իրենց կատարումներով հանդես եկան հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթը Բոյաջյանը:

Հիմնադրամի բոլոր տասը կրթաթոշակառուները՝ InClassica միջազգային երաժշտական փառատոնի  շրջանակներում  կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից:

Տեր-Հովակիմյանը նաեւ նշեց, որ հիմնադրամը կազմակերպել է նաեւ 6 դաշնակահարների մասնակցությունը Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին. նրանցից դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը, InClassica միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հանդես է եկել Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Նա նաեւ նշեց, որ Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) շրջանակներում, հիմնադրամի կրթաթոշակառուների եւ դաշնակահարների հետ վարպետության դասեր են անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար կատարողներ և դասախոսներ. «Երբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծում էինք այս հիմնադրամը, առաջնորդվում էինք այն իրողությամբ, որ Հայաստանում ունենք  երաժշտական մեծ ներուժ ունեցող բազմաթիվ երեխաներ, որոնք աջակցության կարիք ունեն: Եւ այս պարագայում խոսքը ոչ միայն ֆինանսական, այլեւ՝ մասնագիտական աջակցության մասին է: Ի սկզբանե մեր նպատակն էր կազմակերպել վարպետության դասեր տաղանդավոր պատանի երաժիշտների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ  արտերկրում, հնարավորություն տալով, որ երեխաները դրսում մասնակցեն մեծ միջոցառումների, որտեղ նրանք կարող են ծանոթանալ, հաղորդակցվել մեծ արտիստների հետ և իրենց փորձը յուրացնել»:

Տեր-Հովակիմյանի խոսքով՝  հիմնադրամի ամենակարևոր նպատակն  է աջակցել պատանի երաժիշտներին, որպեսզի վաղը Հայաստանն ունենա կայուն ապագա դասական երաժշտության ասպարեզում. «Հիմնադրամը կրթաթոշակառուների համար կազմակերպում է ոչ միայն մասնագիտական դասեր և համերգներ, այլեւ, կարևորելով երաժիշտների համար լեզուների իմացությունը, անցկացնում է օտար լեզուների դասընթացներ: Թե Հայաստանում, թե արտերկրում կրթաթոշակառուների համար վարպետության դասեր են անցկացնում տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ ու մասնագետներ, եւ այստեղ շատ կարևոր է, որ մեր սաները բավականին լավ տիրապետեն միջազգային լեզուների, որպեսզի հասկանան և յուրացնեն դասախասությունները: Մենք շատ ենք կարևորում պատանի երաժիշտների ընդհանուր կրթական մակարդակը: Հայաստանում շատ են տաղանդավոր երեխաները, նրանց պետք է գտնել և մասնագիտական ճիշտ ուղղու վրա դնել»:

Հիմնադրամի կրթաթոշակառուները հիմնականում Երեւանի երաժշտական դպրոցների սաներ են, սակայն, տնօրենի խոսքով, ծրագրում են ապագայում մարզերի երեխաներին նույնպես ընդգրկել ծրագրի մեջ.  «Մարզերում ունենք շատ տաղանդավոր երեխաներ, որոնց պետք է աջակցել։ Այդ պատճառով այս տարի Սերգեյ Սմբատյանի հետ մտադիր ենք ընդլայնել ծրագիրը, ընդգրկելով նաեւ մարզերի երաժշտական դպրոցների սաներին: Հիմա ծրագիրը քննարկման փուլում է մեր գործընկերների հետ, և լիահույս եմ, որ առաջիկայում այն կընդլայնվի և ավելի մեծ թվով տաղանդավոր երեխաներ կընդգրկվեն հիմնադրամի կրթական ծրագրերում»:

Նշենք, որ Middle East Classical Music Academy-ն անցկացվում է InClassica միջազգային երաժշտական փառատոնի (օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը) շրջանակներում, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:

Հավելենք, որ հիմնադրամի կրթաթոշակառուներին ու դաշնակահարներին հնարավորություն է ընձեռվել ունկնդրել InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները:

Տպել
Ամենաշատ