
Իսպանիան վերսկսում է երկխոսությունը Կատալոնիայի հետ Մադրիդից շրջանի անկախության հարցերի վերաբերյալ՝ մեկուկես տարվա ընդմիջումից հետո։ Ինչպես գրում է Politico-ն, իսպանական իշխանությունները փորձում են պահպանել վերահսկողությունը շրջանում, այն դեպքում, երբ քննադատները չեն բացառում կատալոնյան նոր ճգնաժամը։
Պարբերականի վարկածի համաձայն՝ վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունը խաղում է Կատալոնիայում առկա տրամադրությունների հետ՝ այնպիսի քայլեր անելով, ինչպիսին է ինը անջատողականներին ներում շնորհելը, որոնք 2017թ. կազմակերպել էին շրջանի անկախության հանրաքվեն, դա իշխանությանը պետք է խորհրդարանում մեծամասնությունը պահպանելու համար, ինչին նպաստում է կատալոնցի քաղաքական գործիչների աջակցությունը։
Սակայն մյուս շրջաններում Սանչեսին այդ որոշումը առանձնակի հաջողություն չբերեց. աջ ընդդիմությանը՝ հանձին VOX կուսակցության, հնարավորություն տալով մեղադրել իշխանություններին Կատալոնիայի հարցում «կապիտուլյացիայի» մեջ։ Ընդ որում՝ Կատալոնիայի հետ բանակցությունները չի կարելի հաջող համարել, քանի որ կողմերի դիրքորոշումներն առայժմ չափից ավելի հեռու են միմյանցից։
Այսպես, կատալոնյան իշխանությունները պահանջում են համաներում բոլոր քաղաքական գործիչների համար, ովքեր անկախության կողմնակից էին, ինչպես նաեւ ճանաչել շրջանի ինքնորոշման եւ հանրաքվեի իրավունքները։ Իսկ իսպանական կառավարությունը չի ընդունում ոչ մեկը, ոչ մյուսը՝ երկխոսությունը կառուցելով Կատալոնիայի ֆինանսավորումն ավելացնելու խոստման վրա։