News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Վարչական դատարանը 2021 թ․ մարտի 24-ին անվավեր ճանաչեց աղետի գոտում բնակվող Ղարիբ Միտիչյանին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարան հատկացնելու ծրագրի շահառու չճանաչելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել։

Ղարիբ Միտիչյանը 2020 թ․ մարտի 12-ին դատարան էր դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ։ Նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնել էին ՀՔԱՎ փաստաբաններ Հայկ Հակոբյանն ու Նուշիկ Տեր-Մովսիսյանը։

Դեռևս 2008 թ․ դեկտեմբերի 15-ի դրությամբ Ղ․ Միտիչյանը ընդգրկված է եղել բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում, սակայն 2013 թ. ապրիլի 13-ին ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովը կայացրել է իրեն շահառու չճանաչելու որոշում՝ այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ներկայացվել Հանձնաժողովին։ Մինչդեռ Ղ․ Միտիչյանը չի ծանուցվել փաստաթղթերը ներկայացնելու մասին։ Վարչական վարույթի նյութերում էլ բացակայում են նրան ծանուցելու և որոշումը սահմանված ժամկետում պատշաճ հանձնելու մասին ապացույցները։

Ավելին՝ օրենքով նախատեսված փաստաթղթերը Ղ․ Միտիչյանը Հանձնաժողով է ներկայացրել դեռևս 2008 թ․ դեկտեմբերի 15-ին, երբ հաշվառվել է։ Իսկ որոշման մեջ նշված ծանուցմամբ Հանձնաժողովը Ղ․ Միտիչյանից պահանջել է օրենքով չնախատեսված փաստաթղթեր, որոնք ներկայացնելու պարտավորություն Միտիչյանը չունի։ Արգելվում է անձանցից պահանջել տեղեկություններ հավաստող փաստաթղթեր, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով։ Եթե վարչական մարմինը կասկածներ է ունեցել ներկայացված տվյալների վերաբերյալ, ապա ինքը պետք է ինքնուրույն ձեռնարկեր միջոցներ՝ դրանց իսկությունը հստակեցնելու համար։

2018 թ․ հոկտեմբերի 8-ին Ղ․ Միտիչյանը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովին՝ 2013 թ. ապրիլի 13-ի որոշումը վերացնելու, ինչպես նաև իրեն շահառու ճանաչելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու և այն հաստատման ներկայացնելու վերաբերյալ։

2020 թ․ հունվարի 30-ին Բնակարանային շինարարության ծրագրերի շրջանականերում կառուցվող բնակարանների հատկացման հարցերով հանձնաժողովը մերժել է վարչական բողոքը։ Բողոքը մերժելու որոշումը կայացվել է օրենքների խախտմամբ և սխալ մեկնաբանմամբ: 

Ղարիբ Միտիչյանը մեզ հետ զրույցում նշում է, որ սկզբնական շրջանում իր համար հստակ չէր, թե որ կառույցներին պետք է դիմեր իր իրավունքները վերականգնելու համար։ Միակ ճանապարհը Քաղաքաշինության կոմիտե դիմելու մեջ է տեսել, սակայն դա էլ արդյունք չի տվել։

Այս խառնաշփոթից գլուխ հանելու համար դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ․ «ՀՔԱՎ դիմելուց հետո փաստաբաններն ինձ ուղղորդեցին դատարան դիմել և օգնեցին ձևակերպել հայցս, ապա դատարանում պաշտպանեցին իմ իրավունքները»։

Ղ․ Միտիչյանը ՀՔԱՎ փաստաբանների աջակցությամբ Հանձնաժողովի դեմ հայց է ներկայացել դատարան՝ իր ընտանիքին ծրագրի շահառու չճանաչելու մասին որոշումը անվավեր ճանաչելու և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ կազմելու, այն հաստատման ներկայացնելու մասին։

Դատարանը հայցը բավարարել է որոշումն անվավեր ճանաչելու մասով։

Այժմ վճռի կատարումն ընթացքի մեջ է, որոշումն անվավեր ճանաչվելուց հետո քաղաքացին հնարավորություն կստանա իր իրավունքները վերականգնելու։

Տպել
Ամենաշատ