News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով  օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր  Լիանա Հայրապետյանը։

Ավելի քան 150 տարվա փորձ ունեցող Wabtec ընկերությունը  բեռնափոխադրումների և տարանցիկ երկաթուղային հատվածների համար սարքավորումների, համակարգերի  համաշխարհային մատակարարն է:

Լարս Հիկին շնորհակալություն է հայտնել Արմեն Սիմոնյանին ընդունելության համար և նշել, որ   ընկերությունը  զբաղվում է նաև էլեկտրական մարտկոցներով  լոկոմոտիվների արտադրությամբ և հետաքրքրված է Հայաստանում դրանց կիրառման հնարավորությամբ։ Ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրենը ներկայացրել է իրենց արտադրանքը և քննարկել այս ոլորտում կառավարության և Հայաստանի երկաթուղիների հետ համագործակցելու հնարավորությունը։

ՏԿԵ փոխնախարարը  ողջունել է Լարս Հիկին  ՏԿԵ նախարարությունում և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Արմեն Սիմոնյանը հյուրին ներկայացրել է  Հայաստանի երկաթուղային ցանցի  կառուցվածքը, վերջինիս կառավարման համակարգը։  Փոխնախարարը նշել է, որ  հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ համագործակցությամբ այս տարի գրեթե ամբողջությամբ նորացվել է երկաթուղու ուղևորափոխադրող շարժակազմը, առաջիկա տարիներին  ներդրումների մի մասը ևս  ծրագրվում է  ուղղել շարժակազմի արդիականացմանը։

Խոսելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մասին՝  Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ  մետրոպոլիտենը ևս  վերազինման կարիք ունի, ինչի համար կառավարությունն արդեն իսկ դիմել է  Եվրասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցության հիմնադրամին։

Արմեն Սիմոնյանը կարևորել է նշված հարցերում արդյունավետ  գործակցությունը և հավելել, որ Հայաստանի հետ համագործակցությունը   պետք է դիտարկել ինչպես երկկողմ, այնպես էլ  ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել եռակողմ  հանդիպում կազմակերպել  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության,  Wabtec ընկերության և ՏԿԵ նախարարության միջև՝ ընկերության առաջարկը և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

Տպել
Ամենաշատ