News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներին խոստացել են մթերվող բերքը բաժանել մի քանի գործարանների միջև։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը։

«Ես այնտեղ չեմ եղել, բայց գյուղացիներն ասացին, որ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացվել է, որ խաղողները կբաժանեն տարբեր գործարանների միջև։ Գյուղացիների հետ հանդիպումից հետո մարզպետարանին ներկայացրինք կոնկրետ տվյալներ, թե քանի հեկտար խաղող ունենք, որ չի հանձնվել Ամասիայի մթերման կետին, և ինչ տեսակի խաղողներ են»,- նշեց համայնքապետը։

Նշենք, որ գյուղացիները մինչև այս խաղողը մթերման նպատակով հանձնում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Ամասիայի մթերման կետին:

«Այս տարի խաղողը չեն ընդունում, և մեզ գործարանից ոչ մի հիմնավորում չեն տվել, թե ինչու չեն ընդունում բերքը։ Գյուղի բնակչությունն էլ շատ վրդովված է Գագիկ Ծառուկյանից, ասում է՝ եթե մեր բերքը չի ընդունում, մենք էլ իր ոչ մի ապրանքից չենք օգտվի»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:

Տպել
Ամենաշատ